Դա եղել է խուլիգանական հարձակում սուր ծակող կտրող գործիքներով. Մանկավարժական համալսարանի դասախոս
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթի հրապարակմանը, ըստ որի, իրեն ծեծի են ենթարկել, ասաց, որ դա եղել է խուլիգանական հարձակում սուր ծակող կտրող գործիքներով:
«Երբ ասում են ծեծի է ենթարկվել դա նսեմացուցիչ եմ համարում, նախ ես երեք տարեկան երեխա չեմ, որ ինձ ծեծեն, երկրորդը երբ սուր, կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ են հասցնում և «գլավարը» հրահանգում է՝ սպանեք նրան, դա արդեն ծեծ չի, այլ ավելի լուրջ հանցագործություն է»,- ասաց նա և նշեց, որ չի ցանկանում խանգարել իրավապահների գործունեությանը:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ դա ուսանողների հետ բախում չի եղել, ինչպես նաև չի եղել քաղաքական դրդապատճառներով, և ինքը սահմանադրական այս փոփոխություններին դրական է վերաբերում:
Հարցին, թե այդ դեպքում ճանաչում էր այդ մարդկանց և ինչն էր պատճառը, նա ասաց, որ ինքն էլ դա չգիտի, իրեն անծանոթ էին և հնարավոր է այդ անձիք թմրանյութի, ալկոհոլի ազդեցության տակ լինեին:
Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Մանկավարժականի ծառայողական մեքենաների հարթակում: «Մարդիկ իրենց անպատիժ էին զգում: Դա խուլիգանական միտումներով էր, երբ այդ պարագլուխը հարձակվեց ինձ վրա, ես պաշտպանվեցի և իր համար դա շատ զարմանալի էր և այդ «հանդգնությունը» անսպասելի , դրա համար իր խմբին զանգահարեց, ու պարզվեց սուր կտրող գործիքներով, մահակներով զինված, պատրաստված ինչ-որ բանդա է»,- ասաց նա և չցանկացավ իր ստացած վնասվածքները մանրամասնել, և նշեց, որ իր ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:










