Ազատության հրապարակում գիշերել է մոտ 35 մարդ, կանայք սրճարանում էին (լուսանկարներ, տեսանյութ)

09:48 • 02.12.15

Ազատության հրապարակում գիշերել է շուրջ 35 մարդ` ներառյալ հանրահավաքը համակարգող  Գարեգին Չուգասզյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք մնացին հրապարակում մինչև վերջ` առավոտ, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, աջակիցների խնդրանքով, առավոտյան ժամը 4-ին լքել է հրապարակը` այն ձևակերպմամբ, որ իրեն այսօր ծանր օր է սպասվում:


Այս մասին Tert.am-ին հայտնեց  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչյա Միրզոյանը, ով հիշեցնենք, հանրությանը հայտնի եղավ նրանով,  երբ «Հիմնադիր խորհրդարանը» Գյումրիում հանրահավաք էր անցկացնում և նրան դանակահարեցին:


«Հանրահավաքն անցավ առանց որևէ խնդրի, աղջիկներին ավելի հարմար տեղավորվեցինք մոտակա կաֆեում, այնտեղ գիշերը մասամբ անցկացրինք, իհարկե, շատ դժվար էր առանց վրանի մնալը… Քաղաքապետարանը, թե ինչո՞ւ է  նման  որոշում կայացրել. ոչ մի քննադատության չդիմացող որոշում է կայացրել, իբրև թե վրանները կարող են վնասել Օպերայի շենքը` որպես պատմամշակութային արժեք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Հրաչյա Միրզոյանը, ներկայացնելով անցած գիշերը, ասաց. «Եվ մարդիկ այս ցրտին, այս դժվարություններին դիմացան: Սրանք համառ մարդիկ են, սրանք պահանջատեր մարդիկ են: Եվ մեր նպատակը անշեղ է, մենք պետք է հեռացնենք իշխանությունից այդ հանցավոր ոհմակին»:


Հրապարակում մնացածները ևս նշում էին, որ դժվար էր մնալը, բայց իրենց պահում էր նպատակը:
Այն ժամանակ, երբ Tert.am-ի թղթակիցը Ազատության հրապարակում էր, այնտեղ գիշերողների հիմնական մասը ցրվել էր, հեռանում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախ պտույտ կատարեց Կարապի լճի մոտ ու գնաց տուն:


Իսկ մնացածները տաքանում են ազգային-ազատագրական երգերի տակ կանգնած` երբեմն պարելով, երբեմն` զուգահեռ  երգելով: