Երևանն արդեն ունի գեղասահքի մարզադպրոց և տափօղակով հոկեյի դպրոց
Մայրաքաղաքում այսօր կբացվի Իրինա Ռոդնինայի անվան նորակառույց գեղասահքի դպրոցը, որը գտնվում է Բագրատունյաց 48/1 հասցեում:
Դպրոցը կառուցել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերության խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7,55 մլն ԱՄՆ դոլար:
Շինարարության սկիզբը եղել է 2014 թվականի հունիսին, ավարտը՝ 2015 թվականի նոյեմբերին:
Լրագրողների հետ զրույցում Գեղասահքի մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանն ասաց, թե մինչ այս գեղասահորդները պարապել են մարզադպրոցի պարուսուցման դահլիճում, իսկ հոկեյիստները՝ մարզադպրոցի բակում:
«Դպրոցը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով»,-ասաց տնօրենը՝ նշելով, որ այս պահին դպրոցում շուրջ 180 երեխա է մարզվում:
Աշխարհահռչակ ռուս գեղասահորդ Իրինա Ռոդնինան լրագրողների հետ զրույցում կարևորեց Երևանում նման բարձրակարգ մարզադպրոց ունենալու գաղափարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարերար Սերգեյ Համբարձումյանին՝ այդ գաղափարը շատ արագ կյանքի կոչելու համար:
«Իսկ այն, որ մարզադպրոցն իմ անունով է անվանվել, կարծում եմ, որ դա առաջին հերթին արդյունք է մեր երկրների բարեկամության և գեղասահքի այն ժառանգության, որը կա մեր երկրում: Ես շատ շնորհակալ եմ, որ իմ անունով առաջին մարզադպրոցը բացվել է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում»,-ասաց Ռոդնինան:
Նա նաև նշեց, որ մարզադպրոցում չի դասավանդելու, սակայն ժամանակ առ ժամանակ դասընթացներ կանցկացնի:
«Դասավանդել չեմ կարող, որովհետև դրա համար ամեն օր պետք է լինեմ այստեղ, իսկ այդպես չեմ կարող: Այստեղ կլինեն նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ լավագույն մարզիչները: Մենք այստեղ կբերենք հայտնի ռուս գեղասահորդների, որոնք ցուցադրական ելույթներ կունենան, մարզադպրոցի սաների հետ կկիսվեն իրենց փորձով»,-Իրինա Ռոդնինան:
Դիտարկմանը, թե արդեն խոստացել է, որ մարզադպրոցն աշխարհի չեմպիոն է տալու, Ռոդնինան նկատեց, որ ավելի լավ է խոստումներից գործի անցնել:
«Սկզբում հարկավոր է տեսնել, թե ինչ երեխաներ են սովորելու, հարկավոր է կազմել աշխատանքային պլան: Ես կարծում եմ, որ ասել, թե վաղը մենք չեմպիոն կունենանք, ճիշտ չէ: Իսկ այն, որ այստեղ կան տաղանդավոր երեխաներ և նպատակամղված մարզիչներ, մենք շուտով արդյունքները կտեսնենք»,-նշեց Իրինա Ռոդնինան:
Նշենք, որ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 1971 թվականին և իր գործունեությունն իրականացրել է Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում: Վերջին տարիներին մարզադպրոցը գտնվում էր անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Երևան քաղաքի ավագանու 25.11.2015 թվականի որոշմամբ մարզադպրոցը անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:










