ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվեարկել է «հանուն զարգացման» (տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/14 ընտրատեղամասում։ Այստեղ ոստիկանապետն առաջին ընտրողն էր, ինչի համար էլ հանձնաժողովի անդամները նրա քվեարկությունից հետո ծափահարեցին։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում կատակեց ՀՀ ոստիկանապետը, իսկ իրականում որևէ քարոզչություն չանելու համար ասաց, որ քվեարկել է և՛ «այո», և՛ «ոչ», ապա ավելացրեց, որ քվեարկել է հանուն զարգացման:
Հիշեցնենք, որ երբ նախորդ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված էր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ի՝ Ազատության հրապարակում իր «նախագահական երդմնակալությունից» հետո ընդունելով Վլադիմիր Գասպարյանի՝ Ծիծեռնակաբերդ գնալու առաջարկը և այնտեղ նրա հետ աղոթելուց հետո երկար ժամանակ քննադատվում էր այս վճռորոշ օրը՝ ժողովրդին փողոցում առաջնորդ թողնելու համար: Ավելի ուշ նա մեկնաբանելով, իր այդ քայլը, ասաց, որ չի ամաչում աղոթելուց և ավելացրեց, որ այդ օրը խուսափեց արյունից:
Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության մեկ այլ թևի հետ կրկին Ազատության հրապարակում է: Ի պատասխան հարցի, եթե ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում կրկին լարված լինի, կհրավիրի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին աղոթքի, Վլադիմիր Գասպարյանը ժպտալով ասաց՝ շատ հնարավոր է ու ավելացրեց. «Աղոթքից պետք չէ վախենալ, չաղոթողներից է պետք վախենալ: Աղոթքից պետք չէ ամաչել, ես աղոթում եմ տասնյակ անգամ, երևի ..., չեմ հաշվել: Անցնենք»։
Ի պատասխան հարցին, թե իրեն քննադատում են, պատճառաբանելով, թե, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանին արջի ծառայություն է մատուցել, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես ոչ մեկին ոչ մի ծառայություն չեմ մատուցում, բացի իմ հայրենիքից, իսկ թե ով ինչ է մտածում, իրենց մտավոր ունակությունների խնդիրն է»։
Վլադիմիր Գասպարյանը նաև ասաց, թող խաղաղվեն սեֆիլյանները ու մյուսները, էս երկրում խժդժություն չի լինելու։
Ի դեպ, քվեարկելուց և ընտրատեղամասը լքելուց առաջ ՀՀ ոստիկանապետը ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից հարցրեց, թե ինչու ընտրատեղամաս տանող աստիճանի վրա տեղ–տեղ սառույց կա ու երբ նրանք ասացին, որ աղ են ցանել, նկատեց, որ լավ աղ չեն արել:










