Արցախի տարածքը զավթելը բարդագույն խնդիր է հակառակորդի համար անգամ նրա ներկա սպառազինվածությամբ.Դ. Ջամալյան
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով սահմաններին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին և Թուրքիայի հեռահար ծրագրերին, նշեց, որ ներկա իրավիճակում Թուրքիային առավել քան երբևէ ձեռնտու է լարվածության օջախներ ստեղծել հայոց պետությունների սահմաններին: Իսկ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն էլ, ըստ նրա, դարձել է առավել քան երբևէ սերտ:
-Պարո՛ն Ջամալյան, հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Ամեն անգամ կիրառվող զինատեսակների ցանկն ընդլայնելով, ըստ Ձեզ, Ադրբեջանը դիմում է քարոզչական հնարքների՞, թե՞ փորձարկում է կատարում ռազմական նպատակներից ելնելով, այսինքն` ստուգում ՀՀ զինված ուժերի ռազմական պատրաստականությունը։
-Նախևառաջ, կարծում եմ` արժե կատարել հետևյալ հարցադրումը. ինչու՞մն էր հրասայլի կիրառման նպատակահարմարությունը: Այս հարցի պատասխանը կօգնի մեզ հասկանալ ադրբեջանական կողմի գործողությունների տրամաբանությունը: Տանկերը, որպես կանոն, կիրառվում են հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու և գրոհող ստորաբաժանումների առաջխաղացման համար «ճանապարհ հարթելու», հարձակումը զարգացնելու նպատակով: Տվյալ դեպքում, թշնամին տանկերը տեղակայել է առաջնագծի մարտական դիրքերում, դրանցից մեկից կրակ բացելու հրաման արձակել, բայց՝ լայնամասշտաբ հարձակման չի անցնում: Ըստ այդմ մնում է կատարվածի ընդամենը մեկ ռացիոնալ բացատրություն՝ պաշտոնական Բաքուն այսկերպ ջանում է վճռական գործողությունների դիմելուն պատրաստ լինելու տպավորություն թողնել մեզ մոտ:
- ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: Այս հավասարակշռությունը, որ միշտ լինում է, արդյո՞ք հնարավորություն չկա հերքել ռազմական, տեխնիկական միջոցներով:
-Հատկապես շեշտեմ, որ վերը նշվածն ասվում է ո՛չ թե մեր հանրությանը հանիրավի հանգստացնելու համար, ինչին սկզբունքորեն դեմ եմ եղել միշտ, այլ որպեսզի մեր հայրենակիցները լինեն լիարժեքորեն տեղեկացված սահմանային լարվածության բուն դրդապատճառների մասին:
- Ադրբեջանական կողմից լարվածության ավելացումը բացատրվում է նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հանդիպումից առաջ սադրիչ գործողություններով: Համամի՞տ եք: Առհասարակ, կա՞ վերլուծություն, թե Թուրքիայի ներգրավվումը Ռուսաստանի հետ քաղաքական կոնֆլիկտին, ինչ տրամադրություններ է առաջացրել Ադրբեջանում:
-Հայոց պետությունների սահմաններին լարվածություն ստեղծելն ալիևյան իշխանության բնորոշ ձեռագիրն է: Այդուհանդերձ՝ ներկա իրավիճակում Թուրքիային առավել քան երբևէ ձեռնտու է լարվածության օջախներ ստեղծել հայոց պետությունների սահմաններին, Առհասարակ հարկ է նշել, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը դարձել է առավել քան երբևէ սերտ, քանզի Արցախի զավթումն Ադրբեջանի կողմից լիովին համահունչ է Թուրքիայի հեռահար շահերին: Սակայն մեր անվտանգության ապահովման ուղղությամբ այս տարիներին այնքան ջանքեր են գործադրվել, որ թուրք-ադրբեջանական այդ նկրտումներն այսօր անիրականանալի են: Ասվածի ապացույցը հենց այն է, որ «մեծ պատերազմը» Բաքուն չի վերսկսում:
Այս օրերին առիթ ունեցել եմ ասելու, որ Արցախի տարածքը զավթելը բարդագույն խնդիր է ադրբեջանական բանակի համար անգամ նրա ներկա սպառազինվածությամբ: Ավելին՝ այդ խնդիրը լուծելու ռեսուրս Ադրբեջանը չի ունենա նաև հեռանկարում: Կրկնում եմ. եթե Բաքուն ունենար այդ ռեսուրսը, ապա չէր վարանի վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Հետևաբար՝ կրկնում եմ, խնդիրը ուժի դիրքերից հանդես եկողի կերպար ստեղծելն է, տպավորություն ստեղծելն է, թե իրենք պատրաստ են «հեռուն գնալ»: Ընդ որում, ըստ իս, Բաքվի խնդիրն է նման տպավորություն ստեղծել Հայաստանի հասարակության, այլ ոչ թե ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Առանց Արցախի ներկա տարածքի չի կարող լինել կենսունակ հայոց պետականության հեռանկար: Այս պարզ ճշմարտությունը հստակորեն գիտակցում է մեր հասարակությունն, ու ի պատասխան թշնամու ագրեսիայի բանակից կտրուկ քայլեր պահանջում, ինչը միանգամայն առողջ ու ադեկվատ ռեակցիա պետք է համարել: Բութ համառությամբ պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ բանեցնում է իր այդ «ուժային ճնշման» բանակցային մարտավարությունը: Մինչդեռ վաղուց ժամանակն է, որպեսզի Բաքվում հասկանան, որ շանտաժի դիմելը բացի կորուստներից ոչինչ չի տալիս և չի տալու իրենց: Շանտաժի պատասխանը եղել ու լինելու է մեր բանակի հուժկու պատասխանը:
Այդուհանդերձ կարծում եմ՝ մեր հանրության հետ պետք է անկեղծ լինել. առաջիկայում ալիևյան իշխանությունը կշարունակի մեր սահմաններին լարվածություն ստեղծել: Ըստ այդմ՝ իր պատժիչ գործողություններով մեր բանակը նվաճելու է այդ իրավիճակում միակ հնարավոր խաղաղությունը, խաղաղություն, որը կարող է լինել միայն հարաբերական: Մեր սահմաններին տևական անդորրի գրավականը՝ թշնամուն ջարդ տալն է. որքան ավելի ցավոտ լինի այդ հարվածն, այնքան ավելի տևական կլինի անդորրը:
- Նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր. որ հայկական կողմը նախաձեռնողական է լինելու այսուհետ, վերջերս տեսանյութ հրապարակվեց, որ հայկական զինուժը ոչնչացնում է ադրբեջանական ռազմական օբյեկտ: Արդյո՞ք սա այդ նախաձեռնողական քաղաքականության բաղկացուցիչ մաս է:
-Հանդուգն ու նախաձեռնող հրամանատարական կազմ ձևավորելը եղել ու մնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատանքի առաջնահերթություններից մեկը: Ավելին՝ այդ ուղղությամբ արդյունք ունենք: Այդ հրամանատարական կազմն այսօր ընդունում է իրավիճակին համարժեք որոշումներ, ընդունում է սառնասրտորեն, առանց անհարկի իմպուլսիվության:










