Մարգարետ Թետչերի անձնական իրերը աճուրդի կհանվեն
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ` հանրահայտ «երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերի անձնական իրերը` զգեստապահարանի առարկաներ, պայուսակներ և ոսկերչական զարդեր, կվաճառվեն Christie's-ի աճուրդում:
Ինչպես հայտնում է Euromag-ը` 150 առարկա է ներկայացվել աճուրդի, ևս 200 նմուշ հանվել է առցանց-աճուրդի: Առաջնային նշանակության իրերից են նրա վարչապետության ընթացքում օգտագործածները` ելույթների նշագրումները, զարդերը, կոստյումները, զգեստները, պայուսակները, ինչպես նաև հայտնի կաշվե կարմիր պորտֆելը` «վարչապետ» նշանով: Պորտֆելի նախնական արժեքը կազմում է 3-5000 ֆունտ ստերլինգ:
Մարգարետ Թետչերը, ով բրիտանական կառավարությունը ղեկավարել է 1979-1990-ական թվականներին, այս տարի կդառնար 90 տարեկան: Աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 15-ին:









