ՀԱՊԿ-ում միշտ չէ, որ այս կամ այն հարցի շուրջ հաջողվում է միասնական դիրքորոշում արտահայտել. Նիկոլայ Բորդյուժա

15:13 • 28.01.16

Ես Հայաստանը դիտարկում եմ որպես ՀԱՊԿ-ում ամենաշահագրգռված խաղացողներից մեկը, որը միշտ պատրաստ է գտնել փոխզիջում, երբ բոլոր երկրների դիրքորոշումները այս կամ այն թեմայի վերաբերյալ չեն խաչվում, չեն համընկնում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վերջինս նշեց, որ ՀԱՊԿ-ում ևս քննարկվում են հարցեր, որոնց վերաբերյալ ընդհանուր մոտեցում չի ձևավորվում: «Ամեն երկիր կենդանի մարդու պես է՝ իր ազգային շահերով, հետաքրքրություններով: Անգամ մարդիկ միշտ չէ, որ հաշտ են միմյանց հետ: Իսկ երկրները, որոնք իրենց հետաքրքրություններն ունեն, շահերը, միմյանցից տարբերվող դիրքորոշումներ, նրանց շատ դժվար է շփման ընդհանուր եզրեր գտնել այս կամ այն թեմաների շուրջ, հատկապես այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին անվտանգությունն է»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան:


-Դուք հաճախ եք հյուրընկալվում Երևանում: Ո՞րն է Ձեր այս այցի նպատակը:


-Այսoրվա դրությամբ, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահող երկիր է։ Դա նշանակում է, որ Հայաստանի ներկայացուցիչներն են գլխավորում մեր բոլոր բարձրագույն մարմինների աշխատանքները, որոնք ապահովում են կազմակերպության կառավարումը ու դրա զարգացումը։


Հայաստանի նախագահը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի նախագահող: Դրանով պայմանավորված իմ այցը: Ես եկել եմ, որպեսզի տեղեկացնեմ ղեկավարությանն այն մասին, թե ինչ ենք մենք անում, ինչ ծրագրեր ենք իրականացնում, ինչ արդյունքներ ունեն դրանք, քննարկում ենք հետագա գործունեությանն առնչվող հարցեր։ Դրան գումարած, մենք վերջերս ավարտեցինք նախագծի համաձայնեցումը, որը կայացվել էր նախագահների կողմից Դուշանբեում, ապա՝ Մոսկվայում տեղի ունեցած նստաշրջանների ընթացքում։


Որպես ՀԱՊԿ նախագահող, Սերժ Սարգսյանը պետք է հաստատի այս պլանը։ Հարցերը շատ են։ Մենք անվտանգության ոլորտում մի շարք հետաքրքիր նախագծեր ունենք, բայց որպեսզի դրանք իրականացնենք, հարկավոր է նաև Հայաստանի ղեկավարության հաստատումը։


- Կբացե՞ք փակագծերը, մասնավորապես՝ ի՞նչ նախագծերի մասին է խոսքը։


- Նախ, մենք շատ լրջորեն աշխատում ենք ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների համալիր ծրագրի վրա, իսկ դա ընդգրկում է միջոցառումների շատ լայն շրջանակ, որը մենք պետք է անցկացնենք։ Երկրորդ հերթին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում  ռազմական համագործակցության հարցերին՝ սկսած միացյալ շտաբի գործունեությունը բարեփոխելուց, վերջացրած՝ կառավարման մարմինների ստեղծմամբ, զորավարժությունների անցկացմամբ, մարտական պատրաստվածության համակարգի կատարելագործմամբ, մեր զորքերի օպերատիվ համատեղելիության, կապի հարցերով։


Մենք լրջորեն աշխատում ենք ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք նորմատիվային բազա, որը կկարգավորի կենտրոնի գործունեությունը։ Մենք նաև պետք է ստեղծենք տեսակապի համակարգ, որը կաշխատի բոլոր անդամների օգտին։ Այս ամենը պետք է քննարկվի, զեկուցվի նախ և առաջ Հայաստանի նախագահին։ Մենք շատ ենք խոսում արտաքին քաղաքական գործունեության մեջ կոորդինացիայի ուժեղացման մասին։


Եթե հիշում եք, ապա Սերժ Ազատիի հրապարակված ելույթում, նա խոսում էր այն մասին, որ մեզ միշտ չէ, որ հաջողվում է միասնական լինել արտաքին քաղաքական գործունեության մեջ, որ միշտ չէ, որ մենք լսում ենք միմյանց, միշտ չէ, որ օգնում ենք միմյանց, երբ ինչ-որ սուր իրադրություն է ստեղծվում: Հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուժեղացնելու համար արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, ապահովելու՝ փոխադարձ աջակցություն: Ի դեպ, այս մասին մենք զրուցել ենք Էդվարդ Նալբանդյանի հետ։


Բացի այդ, մենք ունենք գաղափարներ արտակարգ իրավիճակներում հավաքական անվտանգության համակարգը կատարելագործելու վերաբերյալ։ Գաղափարի էությունը նրանում է, որ խոշոր բնական աղետների ժամանակ արտակարգ իրավիճակների մեր նախարարությունները կարողանան օպերատիվ կերպով միավորեն հավաքական ընդհանուր պոտենցիալ, որը «ոսկե ժամին», երբ դեռ հնարավոր է փրկել մարդկանց, օգնություն ցուցաբերի տվյալ երկրին։


Նախագծերը շատ են, դրանց իրականացման համար մեզ պետք են միջոցներ, և, իհարկե, քաղաքական հավանություն։ Ահա թե ինչու եմ ես Հայաստանում։


- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերը ՀԱՊԿ-ում: Ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալիս Հայաստանը:


- Ելնելով նրանից, որ Հայաստանը գտնվում է «կիսապատերազմական» վիճակում, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջը տիրող ողջ իրավիճակը, հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանը միշտ հետաքրքրված է հավաքական անվտանգության համակարգի հարցով, և իհարկե, սրվելու դեպքում՝ հույս է դնում իր գործընկերների վրա: Այս առնչությամբ Հայաստանն առաջարկում է տարատեսակ միջոցառումներ, որոնք կհանգեցնեն բոլոր երկրների ազգային անվտանգության ուժեղացմանն ու ամրացմանը: Այդ պատճառով ես Հայաստանը դիտարկում եմ որպես ՀԱՊԿ-ում ամենաշահագրգռված խաղացողներից մեկը, որը միշտ պատրաստ է գտնել փոխզիջում, երբ բոլոր երկրների դիրքորոշումներն այս կամ այն թեմայի վերաբերյալ չեն խաչվում, չեն համընկնում:


Ամեն երկիր կենդանի մարդու պես է՝ իր ազգային շահերով, հետաքրքրություններով: Անգամ մարդիկ միշտ չէ, որ հաշտ են միմյանց հետ: Իսկ երկրները, որոնք իրենց հետաքրքրություններն ունեն, շահերը,  միմյանցից տարբերվող դիրքորոշումներ, նրանց համար շատ դժվար է շփման ընդհանուր եզրեր գտնել այս կամ այն թեմաների շուրջ, հատկապես այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին անվտանգությունն է: Ուստի միշտ չէ, որ այս կամ այն հարցի շուրջ ստացվում է կոնսոլիդացված դիրքորոշում արտահայտել: Իսկ Հայաստանը միշտ փորձում է միաձուլել պետություններին, գտնել շփման ընդհանուր կետեր, գործընկերների միջև համերաշխություն ապահովել և փոխադարձ աջակցություն:


- Ձեր կարծիքով ի՞նչ հիմնական մարտահրավերներ և սպառնալիքներ են կանգնած ՀԱՊԿ երկրների առաջ:


- Այսօր մեզ համար առաջին հարցն ահաբեկչությունն է: Դա իսլամական ֆունդամենտալիզմն է, ահաբեկչական ծայրահեղական խմբերը, ընդորում, ես չեմ ընդգծում, որ դրանք միայն իսլամական խմբեր են: Կան այդպիսի քրիստոնեական, ուղղափառ կողմնորոշման խմբեր: Յուրաքանչյուր հասարակության մեջ կա այսպիսի վտանգ, այդ պատճառով մեզ համար ահաբեկչությունը համար առաջին հարցն է:


Երկրորդ հարցը՝ Աֆղանստանն է, որտեղ կայունությունը, դեգրադացված դրությունը, ազդելու են կենտրոնական տարածաշրջանի վրա:


Երրորդ հարցը՝ Կովկասն է: Մենք չպետք է թույլ տանք, որ սառեցված հակամարտությունը փոխակերպվի թեժ, ակտիվ փուլի: Ոչ մի դեպքում: Որովհետև հետևանքները բոլորի համար սարսափելի կլինեն, այդ թվում՝ և Ռուսաստանի, այդ տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Մեր երկրների ներուժը պետք է կողմնորոշված լինի այն ուղղությամբ, որ խաղաղ ճանապարհով լուծենք հակամարտությունը, գտնենք հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ:

Չորրորդը՝ մեզ շատ է անհանգստացնում մեր սահմանների շուրջ ռազմական ենթակառուցվածքների հզորացումը: Ես նկատի ունեմ Ռուսաստանի, Բելառուսի սահմանները: Ավելացվում է զենքի քանակը մերձբալթյան պետություններում, Լեհաստանում տեղակայվում են ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների բազաներ, մեծանում են հակահրթիռային պաշտպանության համակարգերը և այլն: Եվ սա կարող է հանգեցնել առճակատման: Բոլոր այդ խոսակցությունները, որոնք տարվում են Մերձբալթիկայում այն մասին, թե ինչ-որ մեկը ցանկանում է գրավել Լիտվան, Էստոնիան, Լատվիան, հիմարություն են, մանկական թոթովանք: Բոլորը հասկանում են, որ խոսակցությունները, թե Ռուսաստանն իբրև ցանկանում է գրավել մերձբալթյան երկրները, ոչ այլ ինչ է, քան պարզապես միջոց՝ կորզելու գումար գործընկերոջից, դա յուրատեսակ ռեկետ է: Եվ բոլորը, դա հասկանալով, այնուամենայնիվ, ձևացնում են, որ դրան պետք է  արձագանքել:

 

ՀԱՊԿ-ում միշտ չէ, որ այս կամ այն հարցի շուրջ հաջողվում է միասնական դիրքորոշում արտահայտել. Նիկոլայ Բորդյուժա