Թուրքիան պետք է իմանա, որ ՀՀ օդային տարածքը խախտելու դեպքում պատժվելու է ՀՀ տարածքից. Ա. Միհրանյան
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, վերջին ութ տարում ամերիկաբնակ Անդրանիկ Միհրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիան պետք է իմանա, որ Հայաստանի օդային տարածքը խախտելու դեպքում իրեն կարող են պատժել Հայաստանի տարածքից: Քաղաքագետը շատ կոպիտ բառեր ասաց հայաստանյան այն փորձագետների հասցեին, որոնք բարձրաձայնում էին, թե ՌԴ–ն Հայկական հարցը օգտագործում է խաղաքարտ՝ թուրք–ռուսական հակամարտության ֆոնին։ Անդրադառնալով կարծիքներին, որ ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ շահարկում է Հայկական հարցը, նա ասաց.«Փառք Աստծո, որ թուրքերը նման էշություն են արել, որ Ռուսաստանի նման պետությունը հիմա իր ողջ ուժով ուզում է թուրքերին պատժել և դրա համար դուրս են բերում արխիվներում թաղված խնդիրները»:
-Ռուսաստան -Թուրքիա սրված հարաբերություններն, ըստ Ձեզ, այլևս սպառվա՞ծ են, թե՞ նորանոր սրացումների համար որոշակի պոտենցիալ ունեն, և տնտեսական պատժամիջոցներից բացի ի՞նչ կարելի է ակնկալել:
-Սա հասարակ հարց չէ, որովհետև մի կողմից, այո, պոտենցիալ կա, որ այդ հարաբերությունները դեռ ավելի կվատանան, համենայնդեպս, դրա նախադրյալները կան, որովհետև թուրքերը նորից բողոքում են, որ, իբր, ռուսական ինքնաթիռները խախտում են իրենց սահմանները, Ռուսաստանը հակաթուրքական դիրք է գրավել, բայց մյուս կողմից, իհարկե, այս հակամարտությունն ունի իր սահմանները: Հասկանալի է, որ եթե Թուրքիան չլիներ ՆԱՏՕ-ի անդամ, հնարավոր է, որ, իհարկե, Ռուսաստանը նույնիսկ խիստ պատժիչ միջոցառումներ ձեռնարկեր Թուրքիայի նկատմամբ: Բայց, իհարկե, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այս կազմակերպության 5-րդ հոդվածի համաձայն, որ եթե ՆԱՏՕ-ի որևէ անդամի նկատմամբ պատերազմ է հայտարարվում, ուրեմն, ամբողջ դաշինքը պետք է դեմ դուրս գա այդ պետության դեմ, դրանով Թուրքիան իրեն ավելի ապահով է զգում: Բայց միևնույն է, այդ հակամարտությունն ունի իր շատ խորը հետևանքները, և վերջերս տեսա, որ Անթալիայում և մյուս զբոսաշրջային գոտիներում հյուրանոցները վաճառվում են, որովհետև ռուսաստանցի զբոսաշրջիկները հիմնական հատվածն էին, որ պահպանում էին այդ էկոնոմիկան, այդ հանգստավայրերը:
-Դա մեզ հետաքրքրում է առաջին հերթին այն տեսանկյունից, որ Թուրքիայի հետ ունենք սահման, մանավանդ, որ խոսակցություններ կային, որ ՌԴ պաշտպանության նախարարն էր աշնանը գաղտնի այցելել ռուսական 102-րդ ռազմաբազա, այնտեղ էլիտար զորքեր էին կուտակվում, նաև վերջին շրջանում ռազմաբազան ակտիվորեն համալրվում է Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռներով: Կա կարծիք, որ վատ սցենարների համար, ինչու՝ վատ, որովհետև, երբ թուրքերն ու ռուսները կռվում են, հայերը հողեր են կորցնում:
-Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի հակամարտելու Թուրքիայի հետ՝ 80 միլիոնանոց մի պետություն, որն ուժեղ զարգանամում է, ունի հսկայական զինվորական մեքենա։ Այնպես որ, եթե չլինեն ռուսական երաշխիքները, Հայաստանը ոչ մեկի վրա չի կարող հույս դնել՝ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Անգլիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի. ոչ մեկի վրա: Այնպես որ, այդ հանգամանքից ելնելով, պետք է ասվի, որ ի դեպ, ես ինքս և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում ասել եմ այդ մասին, որ եթե թուրքական ինքնաթիռը հաջորդ անգամ փորձի խախտել Հայաստանի սահմանը, ռուսական կամ հայկական հակաօդային համակարգը կարող է ոչնչացնել թուրքական ինքնաթիռը, և նրանք այդ պարագայում միայն իրենց կարող են մեղավոր համարել դրա համար: Խոսքը հենց Հայաստանի տարածքից ոչնչացման մասին է:
-Դա մեզ համար հղի չէ՞ անկանխատեսելի հետևանքներով:
-Հակառակը, որ իրենք իմանան, որ Հայաստանի սահմանը չի կարելի խախտել: Իրենք ասում էին չէ՞, որ Սիրիայից ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի սահմանը և իրենք ոչնչացրեցին ռուսական ինքնաթիռը: Այ, եթե թուրքական ինքնաթիռն անցնի Հայաստանի սահմանը, այն պետք է ոչնչացվի: Եվ ոչնչացվի, որովհետև Հայաստանը մասն է մի համակարգի, որը Ռուսաստանի և մյուս երկրների հետ ունի դաշնակցային պայմանավորվածություններ: Այնպես որ, իրենք էլ պետք է իմանան, որ իրենք էլ կարող են պատժվել և պատժվել տարբեր տեղերում: Եվ դա, ըստ իս, հենց թուրքերի համար կարող է ուսուցողական լինել: Որ սա մի սահման չէ, որ կարող են խախտել և անպատիժ վերադառնալ: Աշնանն էր, չէ՞, որ թուրքական ինքնաթիռները խախտել էին ՀՀ սահմանը: Պետք է սաստկացնեին, որ իմանային, որ սա այլ պետություն է, որն իր սահմաններն ունի: Եվ հիմա հարկավոր է օգտվել առիթից և նրանց պատժել և, առհասարակ, միշտ էլ պատժել: Ես բոլորովին չեմ քարոզում Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտություն, բայց թուրքական կողմն իրեն պահում է շատ լկտի, թուրքական արձանագրություններից հետո էլ՝ շատ կամայական: Դրա համար իրենք պետք է իմանան, որ իրենց դեմ էլ կա դիսցիպլինար կարգով հակազդելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատժելու՝ իրենց ինքնաթիռները ջախջախելու հնարավորություն, որովհետև, սա, ի դեպ, ոչ այնքան Հայաստանի տարածքն է, այլ ՀԱՊԿ-ի, որը պաշտպանվում է այդ թվում՝ Ռուսաստանի կողմից:
-Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին, հետո ՌԴ քաղաքական շրջանակներում սկսեց ակտիվորեն քննարկվել՝ Կարսի պայմանագիր, Արևմտյան Հայաստան... և այլն: Նաև Պետական դումայում շրջանառության մեջ էր դրվել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Նախ, Ձեզ հայտնի՞ է՝ այդ օրինագծի ճակատագիրն ինչ եղավ, և երկրորդ՝ այստեղ արդարացիորեն վրդովվում էին, որ ռուսները փորձում են շահարկել հայկական հարցը:
- Շատ ծիծաղելի է, որ տեղական այդ վայ-հայրենասերները ու ռուսաֆոբները փորձում են ասել, որ իրենց ուզում են օգտագործել: Այ, ողորմելի անասուննե՛ր, եթե չօգտագործեն, գոնե որևէ մեկը կհիշի՞ ձեր խնդիրների մասին: Հլը, փառք Աստծո, որ թուրքերը էդպիսի էշություն են արել, որ Ռուսաստանի պետությունը հիմա իր ողջ ուժով ուզում է թուրքերին պատժել և դրա համար դուրս են բերում արխիվներում թաղված խնդիրները, որովհետև դուք, ա՛յ ողորմելի անասուններ, եթե ձեր ողջ ուժերը ներառեք, հարյուր տարի էլ աշխատեք, չեք կարող դուրս բերել և դնել թուրքերի դեմ, որ, այ, կեղտոտ անասուննե՛ր, դուք այսպիսի ոճրագործություն եք արել և սրա համար պատասխանատու եք: Շնորհակալություն պետք է հայտնեն Ռուսաստանին, որ ոչ թե Հայաստանն է օգտագործվում ու հայկական խնդիրները: Փառք Աստծո, որ Ռուսաստանը, ելնելով իր շահերից, ձեր հարցերն է առաջ քաշում: Կարո՞ղ է Ռուսաստանը հակահայկական գործ է անում՝ ասելով, որ թուրքեր՝ սրիկաներ, դուք Հայաստանի հանդեպ ոճրագործություն եք արել:
-Այո, բայց այդ մասին հիշել հարմար պահերին....
- Սա քաղաքականությունն է, բայց եթե չհիշեին, ուրեմն, այդպես էլ կմնար թաղվա՞ծ: Այ անասուն էշեր... դուք կարող եք դա դուրս բերել և օգտագործել, առիթը եկել է, մեծ պետությունն է օգտագործում: Շնորհակալություն հայտնեք ու Ռուսաստանի հետույքը համբուրեք, ոչ թե հոխորտացեք, որ մեզ օգտագործում են: Այ էշի քուռակներ...
-Դուք ասում եք՝ Ռուսաստան, բայց Ձեզ կարող են հակադարձել, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Հայկական հարցը մեծ հնչեղություն ունեցավ ողջ աշխարհում: Սկսած Հռոմի պապի մատուցած պատմական պատարագից:
- Այդպիսի անասունների համար ուրիշ պատասխան կա: Իհարկե, այնպես կոպիտ չեմ ասի, ինչպես ժամանակին Ստալինն էր ասում, որ երբ իրեն ասեցին Հռոմի պապի մասին, ասաց՝ իսկ Հռոմի պապը քանի՞ դիվիզիա ունի: Այ քեզ բան... Իսկ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Պուտինը եկավ այստեղ՝ ունենալով փայլուն հարաբերություններ Թուրքիայի հետ, միլիարդների ապրանքաշրջանառություն, (Թուրքիա – Tert.am) այցելող միլիոնավոր զբոսաշրջիկներ, հրաշալի անձնական հարաբերություններ Էրդողանի հետ, բայց նա եկավ այստեղ՝ ռիսկի տակ դնելով այդ ամեն ինչը: Այնպես որ, այդ մարդիկ, եթե դա ասեն, պետք է ասեն, որ Հռոմի պապը կորցնելու ոչինչ չուներ: Բայց Պուտինն ու Ռուսաստանը ունեին: Դրա հետ էլ միասին ունենալով 20 միլիոնանոց մուսուլմանական ու թուրքական բնակչություն հենց Ռուսաստանի տարածքում, բայց նա եկավ ու կանգնեց Հայաստանի կողքին, ասաց, որ սա Ռուսաստանի սկզբունքային վերաբերմունքն է Հայաստանի նկատմամբ: Այնպես որ, այդ մարդիկ, որ այստեղ կարող են հաչել, նրանց հաչելը չգիտեմ ում օգտին է:
-Դուք մտերիմ հարաբերություններ ունեք Արա Աբրահամյանի հետ, ով, ըստ իր հայտարարությունների, որոշակի դերակատարություն է ունենալու Հայաստանի քաղաքական դաշտում՝ ի դեմս կուսակցության, որ բացելու է և որով մասնակցելու է ԱԺ ընտրություններին: Սա մեզ մոտ ընկալվեց որպես ռուսական ուղիղ քվոտա՝ հայոց ապագա խորհրդարանում: Կարծո՞ւմ եք, որ դա այդպես է և եթե այո, ապա ինչո՞ւ է պետք այդ քվոտան:
-Այս հարցի մեջ մի մասը, իսկապես, համապատասխանում է իրականությանը, որ մենք հարազատ ընկերներ ենք, ես ութ տարի Նյու Յորքում էի աշխատում, բայց դրանից առաջ մի քանի տարի ես աշխատել եմ Արայի հետ, և մենք ընկերներ ենք և ունենք հրաշալի հարաբերություններ: Ասեմ, որ Արայի քաղաքական պլաններին տեղյակ չեմ, և, իհարկե, ոչ մի կապ չունեմ դրա հետ: Բայց եթե ինքն ուզում է Հայաստանի լավը, գուցե, ունի ինչ-որ ծրագրեր: Ես ունեմ լավ հարաբերություններ նաև Հայաստանի ղեկավարության ու, հատկապես, Հայաստանի նախագահի հետ, որի հետ ամեն անգամ հանդիպում, զրուցում ենք: Եթե Արայի արածն ուղղված է հայկական պետականության ամրացմանը և կայունությանը, ապա` քավ լիցի: Եվ ամեն մարդ իրավունք ունի փորձելու քաղաքական միջավայրում: Բայց ոչ բոլորին է հաջողվում հաջողակ փորձ ունենալը:
-Մեկ անգամ էլ նա, Ռամկավարների հետ, նման փորձ արել է ու դա հաջողակ փորձ չի եղել:
-Դա շատ վաղուց էր, և դա, իհարկե, տխուր փորձ էր, բայց հիմա... ես իր հետ հանդիպել եմ երեկ չէ առաջին օրը ու շատ բան չեմ կարող ասել։ Այ լավ կարող եմ խոսել Ռուսաստանում հայերի միության համար, երբ լավ գործ է արել ու ինչի համար գնահատվել է և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Հայաստանի նախագահի կողմից:










