Նախագահի ելույթը բոլորիս սթափվելու կոչ էր, որ վեր կանգնենք ներանձնային շահերից. Ռուզաննա Մուրադյան

12:31 • 16.02.16

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ Նախագահի ելույթին, ասաց, թե այն յուրօրինակ ուղերձ էր՝ ուղղված բոլորին, ՀՀ քաղաքացուց մինչև ամենամեծ պաշտոնյա:

 

«Շեշտադրումներից կարևոր էր այն դրույթը, որ սահմանադրության փաստաթուղթը դառնում է ազգային համաձայնության փաստաթուղթ»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը, շարունակելով. «Կարևոր է, որ քաղաքական համակարգերը ձևավորում են կուսակցությունները: Կուսակցություններին է տրված գործադիր մարմինը ձևավորելու գործընթացը: Կուսակցություններին ևս մեկ մարտահրավեր հնչեցվեց, որ պետք է կարողանան մրցակցություն ապահովվել, դաշինքներ ստեղծել»:


Պատգամավորն ասաց, թե երբ նախագահն իր ելույթում խոսում էր նրա մասին, որ կուսակցությունների դերակատարությունը պետք  է բարձրանա, նախագահը չէր խոսում միայն «Հանրապետական» կուսակցության մասին:

«Այնտեղ քննադատություն կար իշխանության մեջ գտնվողների նկատմամբ: Ելույթը և՛ յուրօրինակ գնահատական էր, և՛ ապագայի տեսլական էր, և՛ բոլորիս սթափվելու կոչ էր, որ վեր կանգնենք ներանձնային շահերից»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:


ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե պետք է կյանքի կոչել արված բոլոր կոչերը և կյանքի կոչել սահմանադրության փաստաթուղթը:

 

Նախագահի ելույթը բոլորիս սթափվելու կոչ էր, որ վեր կանգնենք ներանձնային շահերից. Ռուզաննա Մուրադյան