Ավելի քան 40 կին ֆերմերներ իրենց արտադրանքը կներկայացնեն «Գյուղմթերքի կին հերոս-2016» մրցանակաբաշխությանը
Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին, կպարգևատրեն հայ կին ֆերմերները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակից, կանցկացվի «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային մրցանակաբաշխությունը:
Մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ կներկայացնեն իրենց արտադրանքը մրցանակաբաշխության ընթացքում:
Միջոցառմանը կհյուրընկալվեն ավելի քան 100 այցելուներ, որոնք կարող են մասնակցել նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտեսմանը` պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ի նշանավորում գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի և ձեռքբերումների՝ տոնելով Կանանց միջազգային օրը:









