Օր առաջ պետք է ընդունենք, սակայն առանց շտապելու. Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի մասին

12:30 • 11.03.16

 

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված քննարկմանն այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դևիսն իր խոսքում հույս հայտնեց, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը կկարողանա լուծել անվստահության մթնոլորտի խնդիրը, որն ամենակարևորը համարեց: Նա նշեց, որ ցանկություն ունի լսել ընդդիմության դիտարկումները:


«Մենք ուրախ ենք, որ կառավարության ներկայացուցիչները, քաղաքական կուսակցություններն այստեղ են»,-ասաց նա:


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ բոլոր առաջարկները քննարկման ենթակա են:


«Հաշվի առնելով սեղմ ժամանակացույցը՝ օր առաջ պետք է ընդունենք, սակայն առանց շտապելու: Մեղադրում են մեզ, թե ինչու ենք նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և շարունակում ենք վրան աշխատել։ Պատճառը սեղմ ժամկետներն են, քանի որ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, անգամ կառավարության կողմից նախագիծը հաստատելուց հետո»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է էլեկտրոնային համակարգին, ապա նա ասաց, որ այն արդյունավետ կլինի կրկնակի քվեարկության և այլոց փոխարեն քվեարկության դեմ պայքարում, եթե պատշաճ ձևով իրականացնի:


«Կարծում եմ՝ էլեկտրոնային գրանցման համակարգի հաջողության գրավականն այն է, որ ունենք էլեկտրոնային ցուցակներ, որոնք կազմվում են, և շահագրգիռ անձը հնարավորություն ունի ներբեռնելու և համադրելու` կա՞ն արդյոք կրկնություններ, թե` ոչ»,- ասաց նա:

 

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև 9-րդ ձևով քվեարկողներին և նշեց, որ վերջին երեք տարիներում 9-րդ ձևով քվեարկողների թիվը չի փոխվել, ինչը ենթադրում է, որ կարող են վերջին ընտրությունների պատկերը հասկանալ։
 

«Ընտրական օրենսգրքի հետ կապված պետք է ներկայացնել պահանջներ, որոնք տիեզերական չեն և հնարավոր են իրականացնել ՀՀ-ում, հակառակ դեպքում անիմաստ է ներկայացնել»,-ասաց նա: