Ակնկալում ենք տեղումնառատ ապրիլ, իսկ առաջիկա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում. Գագիկ Սուրենյան
Այս տարվա ապրիլի օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլինի նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել, այսինքն` ակնկալում ենք տեղումնառատ ապրիլ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, մարտի 23-ի ցերեկվանից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային զանգվածներ և մինչև մարտի 25-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Արդեն մարտի 25-ին մայրաքաղաքում գիշերը կլինի +7…+9, ցերեկը +16…+18 աստիճան տաքություն: Մարտի 25-26-ին կեսօրից հետո առանձին վայրերում կլինեն կարճատև անձրևներ, իսկ մարտի 27-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը հայտնեց նաև, որ սկսած 1961 թվականից, մարտի 23-ը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ 188 երկրներում նշվում է որպես համաշխարհային օդերևութաբանական օր և արդեն 12 տարին է՝ Հայաստանում ևս այդ օրը նշվում է որպես օդերևութաբանի օր:
Նա նշեց, որ 2016 թվականին այդ օրվա համար ընտրվել է «Ավելի շոգ, չորային խոնավ հայացքով ապագային» նշանաբանը, ինչը պատահական չէ, քանի որ մոլորակի բոլոր կետերում տեղի են ունենում եղանակի և կլիմայի հետ կապված այնպիսի շրջադարձային և ճակատագրական իրադարձություններ, որ ակնառու է դարձնում Երկրագնդի գլոբալ դիտարկումների և ուսումնասիրման անհրաժեշտությունը։
«Տարերային աղետների 90 տոկոսն այս կամ այն կերպ եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում ունեն։ Ցավոք, վերջին տարիներին տարերային աղետների կտրուկ աճի միտում է նկատվում, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնականոն զարգացման վրա։ Նման իրավիճակը պահանջում է օդերևութաբանական և հիդրոլոգիական սպասարկման նոր, ավելի կատարելագործված տեսակներ»,-ասաց նա:










