Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ (տեսանյութ). ԼՂՀ ՊՆ
19.00
Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճանլարված, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ:
Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը,որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:
.jpg)


18։56
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել Արցախում այսօր ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների վերաբերյալ, որում ասվում է.
«Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը:
Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին:
Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր բանակի զինվորների ու սպաների հանդեպ: Աստված պահապան»:
18։16
Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով. ԼՂՀ ԱԳՆ
ԼՂՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ կապված այսօր ադրբեջանական զինուժի կողմից հարձակողական գործողությունների հետ։ Հայտարարութությունում ասվում է.
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար»։
18.03
Ապատեղակատվություն են լուրերը, թե հակառակորդը ԼՂՀ տարածքում գրավել է բնակավայրեր, իսկ հայկական կողմը կրել է կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:
«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք:
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

17:49
ԼՂՀ-ից Մուրացանի հոսպիտալ է տեղափոխել 3 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը կայուն ծանր է. Ա. Ասատուրյան
ԼՂՀ-ից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխվել երեք զինծառայողներ, որոնց վիճակը ծանր կայուն է.
այս մասին Tert.am-ին ասաց Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետը տեղեկացրեց, որ վիրավորներից երկուսին վիրահատում են, իսկ մյուսը վիրահատության կարիք չունի:
17:24
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինուժի և տեխնիկայի կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող մարտերի հետևանքով զոհվել է ադրբեջանցի 12 զինծառայող։ Այդ մասին հաղորդվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական բանակը մարտերի հետևանքով կորցրել է 1 Մի-24 ուղղաթիռ և 1 տանկ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԼՂՀ զինուժը շարքից հանել է հակառակորդի 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
16:59
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոր մտահոգություն են հայտնել հրադադարի խախտումների առնչությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոն) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Մենք խոստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, և ցավում ենք անիմաստ կորուստների համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակոցները և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար:
«Նրանք վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը տարբերակ չէ»,- ասված է հայտարարությունում:
16:32
Ուղղաթիռով Հայաստան են տեղափոխվել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը
Ուղղաթիռով Հայաստան են տեղափոխում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսին: «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ այս պահին «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունը տեղափոխում է վիրավորներին «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
16.06
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:
«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,– ասվում է ֆեյսբուքում նրա կատարած գրառման մեջ:
15.29
Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության կոչերը և լարում է իրավիճակը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինուժի նախաձեռնած հարձակողական գործողությունների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է.
«Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումների թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։
Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։
Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:
Մենք բազմիցս ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից:
Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»:
15:15
Բաքվի գործողությունները հանգեցնում են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը. ՀԱՊԿ
Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Այդ մասին «Интерфакс-АВН»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Այս դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը»,- ասել է Զայնետդինովը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ են:
«Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք տեղի ունեցած զինված բախման մասին ողջ լիարժեք տեղեկատվությունը։ Համարում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Զայնետդինովը։
13։06
ԼՂՀ զինուժը շարքից հանել է հակառակորդի 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
«Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվում էր ԼՂՀ ՊԲ–ի կողմից հակառակորդի մեկ ուղղաթիռի խոցման մասին։

12:11
ԼՂՀ զինուժը հայտնաբերել և ոչնչացել է հակառակորդի դիվերսիոն խումբը, որը թողնելով դիակներ` նահանջել է
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մարտական գործողությունները շարունակվում են:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով»,– ասվում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայքով հարձակողական գործողություններ է իրականացրել՝ կիրառելով տանկ, հրետանի և օդուժ։ ԼՂՀ ՊՆ զինուծը խողել է հայկական դիրքերի գրոհող մեկ ուղղակիռ։ Ադրբեջանի զինուժի կողմից «Գրադ» ռեսակի հրթիռահրետանային կայանքից արձակված կրակոցների հետևանքով Արցախում 12-ամյա երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
11:43
Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ միջազգային հանրության քննադատությունների ներքո. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից բռնության վերջին դեպքերին:
«Ըստ երևույթին՝ Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ ԼՂ հարցում ոչ կառուցողական կեցվածքի և մարդու իրավունքների խախտումների հարցում միջազգային հանրության աճող քննադատությունների ներքո»,-գրել է Տիգրան Բալայանը:
Նա նաև հայտնել է, որ գիշերն Ադրբեջանը հրետանային կրակ է բացել ու բռնություն է կիրառել շփման գծի ողջ երկայնքով։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Հիշեցնենք, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա։ ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը։
12:24
Ադրբեջանական զինուժի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է. ԼՂՀ ԱՆ
Ադրբեջանական զինուժի կողմից այսօր առավոտյան Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է. Tert.am-ին ասացին ԼՂՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը:
Նշենք, որ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է:
Արմեն Առաքելյանը տեղեկացրեց, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, մյուսին էլ շուտով կտեղափոխեն:
10:37
Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են
Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Հիշեցնենք, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա։ ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը։

09:53
Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այս գիշեր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողությունների վերաբերյալը, որը ներկայացվում է ստորև։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:
Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար»:
08:59
Շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:
09:17
ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
«ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:










