Հիմա թիվ մեկ խնդիրը Ադրբեջանին խաղաղություն պարտադրելն է. Աղվան Վարդանյան
Հիմա թիվ մեկ խնդիրը Ադրբեջանին խաղաղություն պարտադրելն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:
«Ես վստահ եմ, որ մեր պաշտպանական ուժերը նաև համահայկական այս համախմբումը շատ արդյունավետ է լինելու և կարողանալու ենք առնվազն վերականգնել ապրիլի 1-ի ստատուս քվոն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Վիեննայում կայանալիք Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, ասաց. «Այնպիսի լայնամասշտաբ գործողություններ են տեղի ունենում, որ բնական է, որ Մինսկի խումբը պետք է քննարկեր այս հարցը: Երեկ ՀՀ նախագահն անհրաժեշտ բոլոր մեսիջները փոխանցեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին: Ցավոք, մինչև այսօր մենք միջազգային հանրությունից չունենք հասցեական գնահատականներ , թե ով է ագրեսորը և ով է սկսել այս գործողությունները»,- ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի գնահատականներին՝ Աղվան Վարդանյան ասաց. «Մենք ակնկալում ենք, մեր ռազմավարական դաշնակցից ավելի ճշգրիտ, հասցեական գնահատականներ հնչեցնի և ցավոք, առ այսօր նման գնահատականներ չեն հնչել»:










