Ադրբեջանը խախտել է մարդու ամենակարևոր՝ կյանքի իրավունքը. խախտումները ներկայացվելու են ՄԱԿ-ին ԳՀ-ին և այլ ատյաններ
Ադրբեջանը խախտել է ոչ միայն 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագիրը, այլ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և այդ թվում` ամենակարևոր` կյանքի իրավունքը: Այդ ամենը փաստաթղթավորվելու է և հետագայում կարող է ներկայացվել այն պատկան ատյաններին, որոնք իրավասու են նման հարցեր քննելու:
Սա ավելի ուշ, իսկ օրերս ԼՂՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային այլ կառույցների` միջազգային հանրությանը հասցնելու Ադրբեջանի վայրագությունների մասին վկայող փաստերը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը ` անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության անասելի սրացման հետևանքով և ադրբեջանցիների կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերին։
«Նախ Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է այն խախտումներով, որոնք թույլ են տալիս երկրի իշխանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները: Բայց քանի որ կատարվածը արտառոց է, օրենքն էլ չի արգելում, այդ բոլոր կատարվածները մեր լիազորությունների, ուժերի շրջանակներում փորձում ենք ուսումնասիրել և փաստաթղթավորել, ապացույցներ հավաքել հետագայի համար»,-նշեց Արցախի ՄԻՊ-ը:
Յուրի Հայրապետյանի գնահատմամբ` Ադրբեջանի գործողությունները չեն տեղավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից նախատեսված մարդասիրական նորմերում, որոնք չեն թույլատրում, որ զինված ուժերը նմանատիպ գործողություն իրականացնեն քաղաքացիական բնակչության, քաղաքացիական նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ:
«Այդ ամենը արվել է, հրետանակոծվել են քաղաքներ, գյուղեր, մարդկանց տներ, դպրոց, վիրավորվել և զոհվել են երեխաներ, կանայք, ծեր մարդիկ և այլ: Բոլորին հայտնի է նաև այն վայրագրությունները, որոնք նրանք ցույց են տվել անգամ մարդկանց դիակների նկատմամբ»,-հավելեց Յուրի Հայրապետյանը:
Ի պատասխան հարցի, թե կա՞ն անհրաժեշտ փաստաթղթեր ու փաստեր Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար, ԼՂՀ ՄԻՊ-ն ասաց, որ կառույցներին, որոնց դիմել է այդ մասին համապատասխան տեղեկատվություն է ներկայացրել՝ գումարած այն, որ Լեռնային Ղարաբաղի դատախազությունն ադրբեջանական վայրագությունների մասով գործեր է հարուցել:
Բոլոր նյութերն ուսումնասիրելու հետո պետք է պատասխան տրվի հետևյալ հարցին` արդյո՞ք այդ գործողությունները, որոնք արել է Ադրբեջանը, կբավարարեն Հաագայի դատարան և միջազգային այլ տրիբունալների դիմելու համար:
Այս պահին Յուրի Հայրապետյանն այդ հարցերի պատասխանը չունի և չի ամաչում ասել, որ նման փորձ չունի: Բայց նյութերի հավաքագրումից ու փաթեթավորումից հետո կխորհրդակցի նաև Հայաստանի իրավաբանների հետ, ինչից հետո վերջնական որոշում կկայացվի:
Այդ մարմիններին դիմել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որն այս օրերին Ղարաբաղում էր: Նրա վերջին հայտարարությունները, ըստ նրա արցախցի գործընկերոջ, արդեն իսկ հրապարակվել են Եվրոպական օմբուդսմենների ամսագրում:










