Արցախի ՊԲ-ն պաշտպանական օպերացիայի պլանի համաձայն արժանապատիվ իրականացրեց իր խնդիրները. Ս. Օհանյան

18:30 • 06.04.16

Ապրիլի լույս 2-ի գիշերը հակառակորդի՝ շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած գործողությունների ժամանակ ողջ հարվածը իրենց վրա վերցրին ԼՂՀ ՊԲ-ի մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները:

 

Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ավելացնելով. «Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություններ, համապատասխան աշխատանք, նաև հետախուզություն, որը մշտապես, ուսումնասիրում է հակառակորդին, նրա բնույթը, կազմը, առաջխաղացման հնարավորությունները, և տրվում է համապատասխան տեղեկատվություն»:

 

Ըստ Սեյրան Օհանյանի՝ պարզապես անընդհատ տարբեր ոտնձգությունների, կրակի առկայության պայմաններում շատ դժվար է որոշել, թե որտեղ կարող են լինել ոտնձգություններ և որ ուղղությամբ, մանավանդ որ, ասաց, որ խոսքը լայնամասշտաբ դասական ոճի մարտական գործողությունների մասին չէ:

 

«Եվ այդ պայմաններում ԼՂ ՊԲ-ն իր վրա վերցրեց և կարծում եմ՝ արժանապատիվ իրականացրեց իր խնդիրները` պաշտպանական օպերացիայի պլանավորման բնույթի համաձայն»,-հավելեց Սեյրան Օհանյանը:

 

Ըստ նրա` նույնիսկ ամենաթեժ տեղերում նույնիսկ չնչին պաշտպանական կոնֆիգուրացիայի խախտման պայմաններում նախաձեռնողականությունը և կրակի վարման աստիճանը մեր վերահսկողության տակ է գտնվում:

 

«Եվ եր գնահատմամբ հակառակորդը ո՛չ ռազմավարական, ո՛չ մարտավարական առումով հաջողություններ չի ունեցել»,-ասաց Սեյրան Օհանյանը` հիշատակելով նաև հայ զինվորի բոլոր հերոսությունները:

 

«Մենք բոլորս այսօր գլուխ ենք խոնարհում բոլորի հիշատակի առջև, և կարող եմ ասել, որ նրանք մեզանից ուրիշ տեղ չեն գնում, նրանք մեր հայրենի հողում են»,-ասաց Սեյրան Օհանյանը: