Հրադադարը ձեռք է բերվել ոչ թե Մոսկվայում, այլ եղել է ՀՀ ԶՈւ-ի ջանքերի շնորհիվ. Է. Մարուքյան

13:56 • 07.04.16

«Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» թեմայով հրավիրված փորձագիտական կլոր սեղանին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեսակետ հայտնեց, թե առաջին դասը քաղաքական և դիվանագիտական հարթակների համար ՌԴ-ի զենքի վաճառքն է իր ռազմավարական դաշնակից երկիր Ադրբեջանին:
 

«Արդեն մի քանի տարի բարձրաձայնում ենք ռուսական և ադրբեջանական մեծ պայմանագրի մասին: Չգիտեմ երկիր, որ իր ռազմավարական գործընկերների թշնամուն զենք է վաճառում այն էլ ոչ թե պաշտպանողական, այլ հարձակվողական զենք»,-ասա նա և խոսեց այն պատճառաբանություններից, թե դա բիզնես է: «Այսօր այդ դիրքորոշում հայտնողները պետք է լքեն դիվանագիտական և քաղաքական հարթությունը»,-ասաց նա: 
 

Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե օրինակ կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն գործնականում խաբվել է, երբ հույս է ունեցել, որ կարող է վերահսկել, ինքը գրավոր առաջարկությամբ է հանդես եկել ՌԴ-ի իր գործընկերներին, ինչպես նաև Իսրայելի գործընկերներին:


«Առաջարկ է պատրաստվել, որ մինչ օրս մատակարարված զենքի և սպասարկված զենքի համար եղել է պայմանագիր և վճարումներ, և գոնե այսօրվանից հետո, երբ Ադրբեջանը  ռազմական ագրեսիայի ակտ է թույլ տրվել, պատերազմական հանցագործություններ է  թույլ տվել, այս հանգամանքներից ելնելով տարածաշրջանի խաղաղությունը պահպանելու, կայունություն հաստատելու համար դադարեցնեն զենքի մատկարարումն ու սպասարկումը շարունակել»,-ասաց նա և նշեց, թե այս ուղղություններով աշխատանք պետք է կատարվի: 
 

Ըստ նրա՝ նաև պետք է իրավական խնդիրները ձևակերպել՝ փաթեթ պատրաստվի և  ապացույցներ հավաքվի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով դիմել միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի հարցը լուծելու համար: Մարուքյանը նշեց, թե իհարկե միամիտ չէ, որ հավատա, որ դատարանը Ադրբեջանի հարցը կլուծի, բայց այդուհանդերձ անվտանգության խորհուրդը պետք է քննարկումներ անի, ինչը արդեն մեծ հնչերանգ կստանա՝ անկախ նրանից, թե անվտանգության խորհուրդն ինչ կորոշի:
 

Մյուսը նրա խոսքով՝ Մարդու իրավունքի եվրոպական դատարանի հետ է կապված, որպեսզի գործ պատրաստի և ներկայացվի դատարան:

 

Վերջում Մարուքյանը շեշտեց՝ այսօրվա եղած հրադադարը, եթե, իհարկե, կարելի է հրադադար կոչել, դա պարտադրված է ՀՀ ԶՈւ-ի կողմից: «Որևէ մեկը թող չփորձի ծախել ժողովրդի վրա թե Մոսկվայում է ձեռք բերվել, դա եղել է ՀՀ ԶՈւ-ի ջանքերի շնորհիվ»,-ասաց նա: 

 


 

Հրադադարը ձեռք է բերվել ոչ թե Մոսկվայում, այլ եղել է ՀՀ ԶՈւ-ի ջանքերի շնորհիվ. Է. Մարուքյան