Մոտ $14 մլն-ի կորուստ ունեցել է հայկական և $170 մլն-ի՝ ադրբեջանական կողմը. Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող պատերազմական գործողությունների որոշակի թուլացումից հետո հաշվարկել է հայկական և ադրբեջանական ռազմական կորուստները՝ ֆինանսական չափով:
«Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» թեմայով հրավիրված փորձագիտական կլոր սեղան քննարկմանը նա ըստ այդմ էլ հայտարարեց, որ մոտ 14 միլիոն դոլարի կորուստ ունեցել է հայկական կողմը և 170 միլիոն դոլարի՝ ադրբեջանական կողմը:
«Մեր կողմից տանկեր են, որոնք ավելի հին են՝ T 72, իսկ ադրբեջանական կողմից կորցրած 24 տանկերը T 90 են, ինչպես նաև հաշվի առնելով ինքնաթիռները և ռազմական նյութատեխնիկական սպասարկումը՝ ես ցնցող թվեր տեսա: Ես պատկերացնում էին, որ մեծ տարբերություն կլինի»,-ասաց նա:
Նա նշեց, թե սա մի կողմից ոգևորիչ կարող է թվալ, քանի որ այսքան մեծ հարաբերակցության տարբերություն քիչ պատերազմներում է լինում, որ հակառակորդին պարտադրում ես լռել, մյուս կողմից էլ, նրա խոսքով, ակնհայտ է, թե ինչ վատ է զինված մեր զինվորը:
Խուրշուդյանը մեջբերեց չինացի գեներալ և հայտնի «Պատերազմի Արվեստը» գրքի հեղինակն է Սուն Ցզիի խոսքերը, որ պատերազմում հաղթելու կարևոր 3 բաղադրիչը զենքն է, սնունդն ու ոգին:
«Սակայն երբ նրան հարցնում են հաղթելու կարևոր 2 բաղադրիչներն ասում է ՝զենք ու ոգի, իսկ առաջնային համարում է ոգին: Հիմա այս 4 օրերին հաղթեց հայ զինվորի ոգին, ինչպես 1994 թ-ի Արցախյան գոյամարտում: Բայց այն երկու ու հատկապես մեկը՝ ռազմականը, տեխնոլոգիական բաղադրիչը մեզ մոտ այդքան թույլ է, սա իրոք հեռուն մտածելու տեղիք է տալիս, քանի որ այսպես երկար չի կարելի շարունակել։ Չէ որ տեխնոլոգիաները զարգանում են, և Հայաստանը կարիք ունի մեծ ուշադրության դարձրել ռազմական արդյունաբերությանը, որի հիմքը գիտություն է, ինչը այսօր անփառունակ վիճակում է»,-ասաց նա և եզրափակեց, թե չի էլ ուզում խոսել այն մասին, թե ինչու այսօր մեր տանկերն ավելի էժան են, քան մեր որոշ չինովնիկների մեքենաները:










