Ադրբեջանի պլանը շատ ավելի մեծ էր, ինչը հայկական բանակը կասեցրեց. Արշակ Զաքարյան
Պատերազմական վիճակ չկա, որ չունենա դասալիք, բայց քառօրյա այս պատերազմական գործողություններում մի դասալիք չենք ունեցել. այսօր հրավիրված ասուլիսին ասաց կինովավերագրող Արշակ Զաքարյանը՝ որպես ականատես անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին:
«Առաջին բանը, որ նկատեցինք տրամադրությունն էր, չնայած զոհերին, զգաստացած էին, շատ հանգիստ: Սպաներն ու զինվորները միասին աշխատում են՝ հարազատ հոր, եղբոր կարգավիճակում: Եթե իմանաք, թե սպաները ոնց են առաջնագծում իրենց մարմնով փակում դիմացինին, մարտի նետվում, ներս չեն մտնում թաքստոց, մինչև զոհերը հանեն, ենթակաները ապահով լինեն»,-ասաց նա։
«Հերոսություններ ենք տեսել, չնայած մեր զոհերի քանակին, ազգային վերելքը տեսնում ես և հպարտություն ես ապրում: Մինչև գետնին խոնարհվում եմ նրանց առաջ»,-ասաց նա:
Արշակ Զաքարյանը նշեց, թե Ադրբեջանի պլանը շատ ավելի մեծ էր և այս հարձակվողական պլանը, ընդամենը բուն պլանից շեղողն էր:
«Գլխավոր հարվածը, որ պատրաստել էին, այդ շեղումով չտարվեց և գլխավոր հարվածը ջախջախեցինք: Դրա համար Ալիևը գոռաց զինադադար: Ջախջախիչ հարված հասվեց նրանց հիմնական ուժին, հազարին հասնող զոհեր եղան, և Ալիևը ասաց՝ Մոսկվա, միակողմանի զինադադար եմ անում»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե ինչու կասեցվեց գրոհը, երբ առաջ էին գնում, Զաքարյանը նշեց, թե համամիտ է հրամանատարության որոշման հետ, քանի որ «մենք ոչ մի ավել զոհ չունենք կորցնելու»:
«Եթե կարող ենք խնդիր լուծել, առանց զոհերի, պետք չէ մի փոքրիկ ձորակի, մի բլրակի համար զոհ տանք, իսկ որոշման համար՝ զինվորական գործը թողնել զինվորականին: Իհարկե, արդեն ջարդում էինք, տղաները տաք էին, բայց երբ մտածում ես, որ պետք է զոհվեն՝ քո հայը, հասկանում ես, որ ճիշտ որոշում էր այդ պահին»,- ասաց նա:
Արշակ Զաքարյանը խոսեց ադրբեջանական կողմի կատարած ոճրագործությունների մասին, որոնք հնարավորնիս վավերագրել են: «Նյութերը շատ-շատ են, բայց ամեն ինչ չէ, որ հանրությանը թույլատրված է ցուցադրել»,- ասաց նա և նշեց, որ ոչ թե կռվել են ԻՊ-ի զինյալները, այլ ԻՊ-ում կռված հենց ադրբեջանցի վարձկանները:










