Լոս Անջելեսի շրջանային դպրոցների միավորման կրթական խորհուրդը Ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել
Լոս Անջելեսի շրջանային դպրոցների միավորման կրթական խորհուրդը քվեարկության արդյունքում ընդունել է բանաձև, որով հաստատել է 2016թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը նշելու պատրաստակամությունը։ Բացի այդ, բանաձևը ենթադրում է, որ Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը Լոս Անջելեսի շրջանային դպրոցների կրթական ծրագրում շարունակական բնույթ կկրի:
Ինչպես նշում է asbarez.com-ը, բանաձևը ներկայացվել է Խորհրդի անդամ Մոնիկա Ռատլիֆի նախաձեռնությամբ, ում աջակցել են Խորհրդի նախագահ Սթիվ Զիմերը, ինչպես նաև մյուս անդամները՝ Ռեֆ Ռոդրիգեսն ու Սքոթ Շմերելսոնը:
«Այս քվեարկությամբ մեր Խորհուրդը վստահեցրեց, որ մենք միանում ենք երկրում գործող կառավարական մարմիններին և դիմում ենք Կոնգրեսին ու Միացյալ Նահանգների նախագահին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու արտասանել «ցեղասպանություն» եզրույթը: Մենք սա անում ենք, քանի որ գիտակցում ենք մի պարզ բան. եթե մի ցեղասպանություն ճանաչված չէ, ուրեմն իրականացված մյուս ցեղասպանությունները ևս ամբողջապես ճանաչված չեն: Մեզանից յուրաքանչյուրը, ում պատմության մեջ ցեղասպանություն է եղել, անցած տարվա ապրիլի 24-ին հպարտորեն կանգնած էր հայ համայնքի կողքին: Այս տարի ևս մենք ձեր կողքին կլինենք թուրքական հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ»,-ասել է Զիմերը:
Բանաձևի ընդունմանն արձագանքել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի նախագահ Էլեն Ասատրյանը` իր խորհին շնորհակալությունը հայտնելով Զիմերին ու Խորհրդի անդամներին։










