Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձը եղել է մեքենայի մեջ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբ և ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու դեպքի հանգամանքները:
Tert.am-ին ՀՀ քննչական կոմիտեից նաև տեղեկացրին, որ նախնական տվյալներով երեկ 18:25-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը գտնվել է ավտոմեքենայի մեջ, այսինքն` հենց մեքենայից միջից է նետել նռնակը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ ու ներկայումս ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:










