Չի կարող օգնությունը զինվորին չհասնել. ԱԻՆ աշխատակիցը ներկայացնում է, թե ինչպես է իրականացվում հումանիտար բեռի տեղափոխումը

19:55 • 16.04.16

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Աջակցություն իմ Արցախին» նշանաբանով հումանիտար օգնության առաջին շարասյունը 11 մեքենաներով շարժվել է Երևանից դեպի Ստեփանակերտ ապրիլի 9-ին, ներկայումս պատրաստվում են օգնության երկրորդ շարասյունն ուղարկել: 


«Այնուհետև Ստեփանակերտում ստեղծված կենտրոնական օպերատիվ շտաբը ընդունում է օգնությունը  և նպատակային ուղղորդում՝  ըստ կարիքների և կարիքավորների»,- ասաց նա:


Նա նշեց, որ իրենք ճշտել են կարիքները և ԱԻՆ-ի կայքում տարածել են  հայտարարություն, թե ինչ ուղարկելու անհրաժեշտություն կա: «Մենք նշել ենք, որ խնդրում ենք հնարավորության սահմաններում սննդամթերք չդնել, որովհետև այնտեղ դրա կարիքը չկա,  դրա փոխարեն անհրաժեշտ են գուլպաներ, վարտիք, շապիկ, քնապարկ, անհատական հիգիենայի օգտագործման պարագաներ, անձրևաթիկնոց: Երկրորդ շարասյունն ենք պատրաստում, բայց մարդիկ կան, որ դեռ սննդամթերք են բերում, և  ստիպված ընդունում ենք»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ զինվորին չի հասնում ուղարկված օգնությունը, ԱԻՆ աշխատակիցը դա բացառեց: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի բան չի կարող լինել, այստեղ ինչ հավաքում ենք, բոլորը արձանագրվում են, նկարահանվում: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, ապա այնպիսի շարասյունով է տեղափոխվում,  որ ոչ մեկ չի կարող դրան ձեռք տալ: Այնուհետև տանում հանձնում ենք կոնկրետ Ստեփանակերտի շտաբին, չի կարող որևէ մեկը վերցնի այդտեղից ինչ-որ բան և տանի վաճառի, կամ այլ նպատակներով օգտագործի, անիմաստ է այդ մասին խոսելը»,- ասաց նա և վստահեցրեց, որ մեխանիզմը՝ Երևանից -Ստեփանակերտ շատ հստակ է աշխատում, չի կարող օգնությունը զինվորին չհասնել:


Վրեժ Գաբրիելյանը հիշեցրեց, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո ՀՀ վարչապետի կողմից ընդունվեց որոշում, որ ՀՀ-ում Արցախի հումանիտար օգնության կազմակերպման աշխատանքները համակարգում է Արտակարգ Իրավիճակների նախարարությունը, առավելևս, որ երկիր ներկրվող կամ արտահանվող հումանիտար օգնության ոլորտի համակարգումը նախարարության գործառույթներից է:


«Արտակարգ Իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, առանձնացվեցին շուրջօրյա գործող օպերատիվ հեռախոսահամարներ, սահմանվեցին համապատասխան հերթապահություններ»,- ասաց նա և նշեց, որ այն նախաձեռնող խմբերին, դպրոցներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք լծված էին այդ գործում, կոչ արվեց, թե  ինչպիսի պարագաների, սննդամթերքի կարիք կա:


«Հետաքրքիր է, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր մասնիկն ունենալ Արցախի հետ կապված բոլոր հարցերում, այնպիսի նամակներ էին գրել 4-5-րդ դասարանի երեխաները զինվորներին, որ ընթերցելիս հուզվում էիր: Մեր ժողովրդի հավաքական  էությունը մի քանի օրում բռունցքվեց»,- ասաց նա և նշեց, որ երբ սկսեցին իրենց աշխատանքները, նույնիսկ հայտարարեցին, որ եթե նախաձեռնող խմբերը չեն կարողանում իրենց ծանրոցը հասցնել Արտակարգ իրավիճակների նախարարություն, ապա նախարարությունն է օգնում բեռը տեղափոխել: Նա մատնանշեց, որ նախաձեռնության ներկայացուցիչների հետ օգնություն տեղափոխվում էր կենտրոնական պահեստ, որտեղ ստորագրությամբ նշվում էր, թե ինչ պարագաներ,  սննդամթերք են հանձնում,  այդ ամենը նկարահանվում էր և կայքում տեղադրվում: Նա նշեց, որ պապիկներ կային, որոնք պատրաստել էին իրենց օգնությունը՝ «Իմ Արցախ բալեքին» նշանաբանով:


Վրեժ Գաբրիելյանն ասաց, որ իրենք նաև համագործակցում են ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ և   օգնություն ուղարկելու համար զանգեր են ստացել Ռոստովից, Կրասնոդարից:

Չի կարող օգնությունը զինվորին չհասնել. ԱԻՆ աշխատակիցը ներկայացնում է, թե ինչպես է իրականացվում հումանիտար բեռի տեղափոխումը