Երեկ ինչ-որ վիճաբանություն լսել եմ. պատմում է ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձի մոր հարևանը

18:09 • 26.04.16

Երևանի Հալաբյան փողոցում երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունը իրականացրած ենթադրյալ անձի մոր՝ Կլարա Բալյանի՝ Մարգարյան փողոցում գտնվող բնակարանի դուռը փակ է: Tert.am-ը զրուցել է հարևանների հետ, ովքեր հիմնականում խուսափում էին մանրամասներ հայտնել և պարզապես նշում էին, որ այդ բնակարանում ապրում է Կլարա Բալյանը և նրա տղայի անունը Ռուբեն է (ազգանունը Tert.am—ին դեռ հայտնի չէ):


Նրանց անմիջական հարևանը, ով չցանկացավ ներկայանալ, սակայն նշեց, որ իր տեղեկությամբ՝ տիկին Կլարան բավական կրթված անձնավորություն է, իսկ տղան էլ խելացի մարդու տպավորություն է թողել:


«Երեկ ինչ-որ վիճաբանություն լսել եմ, սակայն չեմ ենթադրել, որ լուրջ բան կա, քանի որ մտածել եմ, որ բոլոր մայրերն ու տղաները վիճում են»,-ասաց նա և նշեց, որ այլ մանրամասներ չգիտի:


Նշենք, որ Iravaban.net–ը տեղեկացրել էր, որ Ռուբենը, ով նախկինում երկու անգամ դատապարտված է, Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսով պայթուցիկը տեղափոխելիս է եղել տուն՝ մորը պայթեցնելու նպատակով։ Նշենք նաև, որ ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձի (Ռուբենի) տանը հայտնաբերվել է պայթուցիչ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։


Հարևաններից մեկ ուրիշը՝ Հռիփսիմեն, նշեց, որ երեկ օրվա կեսից հետո տանից դուրս է եկել և բակում ոստիկաններ է նկատել, բայց վիճաբանություն կամ աղմուկ չի լսել, իսկ հացի խանութի աշխատակցուհին նշեց,  որ երեկ մինչև ժամը 15.00-ն խանութում է եղել և կասկածելի ոչինչ չի նկատել:


Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր,  որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել իր հարազատներին: