Ինչ է պետք անել սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար
Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այն նաև էլեկտրոնիկայի, տեխնոլոգիայի, հեռահար զենքերի, անօդաչու թռչող սարքերի հակամարտություն է, ինչը նշանակում է, որ տնտեսության ռազմարդյունաբերական ճյուղը առաջանցիկ տեմպերով պետք է զարգանա. եթե արդյունաբերության մեջ տնտեսական աճը 5.5 տոկոս է, ռազմաարդյունաբերականինը պետք է լինի 14-15 տոկոս:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հեղինակն է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի:
«Այնտեղ կան ռազմաարդյունաբերական համալիրի տարբեր մասեր, կարող են հայտարարվել արդյունաբերական գոտիներ և մեխանիկորեն հարկերից ազատվեն կամ բարենպաստ ռեժիմներով գործեն»,-կարծում է փորձագետը:
Միքայել Մելքումյանն այս մասին առաջարկները կանի առաջիկա քառօրյա նիստում` հանդես գգալով ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական փոխօգնության գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկներով:
Հայաստանում գործող ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, նրանց արտադրանքի ու ծավալի մասին Tert.am-ը զրուցեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանի հետ:
«Հայաստանում կան ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններ, որոնք ոչ միայն Հայաստանի Զինված ուժերի որոշ կարիքներ են սպասարկում, այլև ունեն արտասահմանյան պատվիրատուներ: Պետք է հասկանալ, որ ռազմարդյունաբերություն ասելով՝ միայն կրակող ու ծանր բաները չեն, կարող են լինել ծրագրավորման փաթեթներ, առանձին էլեկտրոնային սարքեր, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի ու լազերային տեխնիկայի» -ներկայացրեց փորձագետը:
Ըստ նրա` ուղղակի պետք է հասկանալ, որ ոչ բոլոր հայտարարություններն են, թե «ստեղծվել է ինչ-որ մի հրաշք սարք», վերին ճշմարտություն:
«Քանի որ պետք է հասկանալ, որ ռազմական ոլորտում ինչ-որ բան կիրառելուց առաջ անհրաժեշտ են երկար և ծախսատար փորձարկումներ, որոնք հաճախ շտկումներ են մտցնում: Եվ իրականում ամենաժամանակատարն ու ռեսուրսատարը հենց այս փորձարկումներն իրականացնելն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ամբիոնի դասախոս Օլեգ Գասպարյանը վերջերս Tert.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ՊՆ ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանին, ինչպես նաև Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի տնօրենին առաջարկել է անօդաչու թռչող սարքին (ԱԹՍ) ամրակցվող հետախուզական սարքի նախագիծ, որը մոտ 30-40 տոկոս ավելի էժան է, քան շուկայում եղած անալոգները, և չնայած եղել է հետաքրքրություն, սակայն ամիսներ են անցել, ու ոչ մի պատասխան ու պատվեր չի հետևել:
Եվ գիտնականն ասել էր, որ եթե անօդաչու սարքերի նախագծումը Հայաստանում անիմաստ է, որովհետև աշխարհում այդ առաջարկը հագեցած է մի քանի հարյուր դոլարից սկսված մինչև մի քանի հարյուր հազար դոլար անալոգներով, ապա դրան կցվող սարքինը միանգամայն արդարացված է:
Օլեգ Գասպարյանը վրդովված էր, որ ՊՆ-ն այդպես էլ «ականջի հետև էր գցել իրենց առաջարկը»:
Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ ռազմաարդյունաբերական ոլորտում շատ է լինում, երբ «պոտենցիալ պատվիրատուն` ՊՆ-ն ու կատարողը, կոպիտ ասած, իրար լավ չեն հասկանում»:
«Կարիքները հստակ չի ստացվում փոխանցել ՊՆ-ի ու ռազմարդյունաբերության միջև»,-նշեց նա՝ նկատելով սակայն, որ կան ձեռնարկություններ, որոնք Պաշտպանության նախարարության հետ նորմալ համագործակցում են:
Նշենք, որ մոտ 5 տարի առաջ` 2010 թվականին մայիսի 22-ին Հայաստանում կազմակերպվեց հայրենական արտադրության ռազմական ապրանքատեսակների ռազմարդյունաբերության ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին տարբեր ավտոմատներ, խլացուցիչներ, չկառավարվող ավիացիոն փոքր հրթիռներ, կար ցուցանակ` «լազերային տեխնիկա», «Դինամոն» տեսակի պայթուցիկ նյութ, ինչպես նաև զրահաբաճկոններ, որի վերաբերյալ նախարար Օհանյանն ասում էր՝ «աշխարհում ամենակավ կտորն է»:
Նշենք, որ այդ ժամանակ նախարարը ցուցահանդեսի կազմակերպիչներին հարցնում է. «Մենք ռեալ ի՞նչ ականանետ կարող ենք արտադրել»:
Հիմա էլ, իհարկե, ոչ մասնագիտական շրջանում շատ է քննարկվում, թե ինչու տանկաշինություն Հայաստանում չի հիմնվում: Ֆեյսբուքյան օգտատերերից այս հարցը Tert.am-ը փոխանցեց ռազմական փորձագետին, որը նախ նշեց, որ Հայաստանում երբևէ, անգամ խորհրդային տարիներին չի եղել ծանր մեքենաշինություն:
«Ես մի քիչ կասկածում եմ, որովհետև այն շատ ժամանակատար ու լուրջ բան է»,-ավելացրեց ռազմական փորձագետը:
Եվ որպես ամփոփում, Կարեն Վրթանեսյանը նկատեց. «Եվ հետո, եթե մի բան կարելի է շատ ավելի էժան գնել, իմաստ չունի արտադրություն դնել: Եվ իրականում, ռազմաարդյունաբերական արտադրությունն առաջին հերթին պետք է, որպեսզի հնարավոր լինի ինքնուրույն վերանորոգել և թարմացնել այն սպառազինությունը, որը կարող վնասվել կամ ընկնել էմբարգոյի տակ»:
Օրինակ` Հայաստանը կարող է ունենալ ինչ-որ զենք, բայց ռազմական իրավիճակում այն արտադրող երկիրը ինչ-որ պատժամիջոցներ և կամ արգելքներ մտցնի կոնֆլիկտի թեկուզ 2 կողմի նկատմամբ, և դրա պատճառով այն չօգտագործվի:
Այսինքն` այդ տիպի սպառազինությունների համար, ըստ Կարեն Վրթանեսյանի, ցանկալի է ունենալ նաև սեփական ինչ-որ ձեռնարկություններ` դրանք վերանորոգելու ու արդիականացնելու համար:










