Գարո Փայլանը չի կարողանա այցելել Հայաստան՝ թուրքական խորհրդարանում տիրող անկայուն վիճակի պատճառով
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փալյանը դեռևս ամիսներ առաջ ծրագրել էր այցելել Հայաստան եւ հանդիպումներ ունենալ իր հայ գործընկերների հետ, սակայն թուրքական խորհրդարանական աշխատանքը խոչընդոտում է դա անել:
«Չնայած իմ մեծ ցանկությանը`ցավոք չեմ կարող գալ: Թուրքիայում կայունություն չկա: Կա մեր ինքնության հարցը: Կարելի է ասել` թուրքական խորհրդարանը թույլ չի տալիս: Ես իսկապես այս օրերին շատ զբաղված եմ: Թուրք-քրդական հարաբերությունները կայուն չեն…, քանի դեռ Թուրքիայում կայունություն չկա իմ այցի իրականացումը դժվարանում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գարո Փալյանը` չցանկանալով էլ ավելի խորանալ պատճառների մեջ:
Հիշեցնենք, որ Գարո Փայլանը ապրիլի 21-ին թուրքական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։ Պատգամավորի բավական ընդգրկուն եւ համարձակ ելույթը մեծ արձագանք ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում:









