Անհանգստացնողն այն է, որ կուտակումներ կան ադրբեջանական կողմում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է վախենանք. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ պատգամավորների հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպմանը:
Նա նշեց, որ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: «Ես կարծում եմ, որ նման հանդիպումների կարիք կա, որովհետև պատգամավորներն անմիջականորեն քաղաքացիների հետ շփվող պաշտոնյաներ են: Պատգամավորների հետ շփումը ես համեմատում եմ ժողովրդի հետ շփման հետ, որովհետև պատգամավորն ինքը բազմապատկիչ է, և կարևոր է, որ պատգամավորներն անմիջական տեղեկատվություն ստանան»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իրեն բավարարել են նախարարի պատասխանները
և հանդիպումը համարեց արդյունավետ: «Այսինքն, չկար մի հարց, որ նախարարը չպատասխաներ: Այդ հանդիպումները փակ ռեժիմով միշտ էլ եղել են և վերջին դեպքերից հետո պարզ էր, որ նման հանդիպման անհրաժեշտություն կար, ինչը և կազմակերպվեց»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ անհանգստացնողն այն է, որ կուտակումներ կան ադրբեջանական կողմում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է վախենանք:
«Մենք գիտենք, որ մեր բանակն իր առաջ դրված խնդիրը կարող է լուծել, փորձը ցույց է տվել, որ լուծել է և անհանգստացնողն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն արկածախնդիր են և ամեն ինչի ունակ են: Դրա համար մենք էլ պետք է ամեն ինչին պատրաստ լինենք, հանդիպման ընթացքում էլ դա բոլորիս համար ևս մեկ անգամ վերահաստատվեց»,-ասաց նա:










