ԼՂՀ ճանաչման փաստն այն հնարավոր քաղաքական գինն է, որն Ադրբեջանը պարտավոր է վճարել, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսի. քաղաքագետ

14:13 • 05.05.16

 

«Կովկաս ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ կառավարության հաստատած ԼՂՀ ճանաչման օրենսդրական նախաձեռնության եզրակացությանը:
 

«Կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ կառավարության այդ որոշումը տրամաբանական շարունակությունն է այն հայտարարության, որը նախագահն արել է  ապրիլյան հայտնի իրադարձության ժամանակ, ըստ որի՝ եթե Ադրբեջանն սկսի լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, Հայաստանը գնալու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»,- ասաց նա։


Քաղաքագետը հասկանալի համարեց նաև այն, որ կառավարությունը մինչ այս մերժում էր ԼՂ ճանաչման օրինագիծը, իսկ հիմա հաստատել է, քանի որ գտնում է, որ քաղաքական իրավիճակը փոխվել է:


«Այս նախագիծը ցույց է տալիս, որ ՀՀ-ն չի ցանկանում ստեղծել քաղաքական մի իրավիճակ, որը  հակառակորդ կողմին հնարավորություն կտա էսկալացիայի ենթարկել (իրադրությունը – Tert.am): Բոլորին հասկանալի է, որ ճանաչման փաստը ներառում է այն հնարավոր քաղաքական գինը, որը Ադրբեջանը պարտավոր է վճարել, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսի»,- ասաց նա:


Սերգեյ Մինասյանը նշեց, որ ԼՂՀ ճանաչման նախաձեռնությունը որակական մի աստիճանով բարձրացնելու նպատակն այն է, որ Ադրբեջանին և միջազգային հանրությանը «մեսիջ» հղվի, որ Հայաստանը լուրջ մտադրություն ունի, և ճանաչման հարցը շարունակում է մնալ «ոսկե փամփուշտ»:


Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, ասաց, որ Լավրովի տրամաբանությունը հասկանալի էր, քանի որ նշում է, թե Ռուսաստանը տեղյակ է, որ Հայաստանում նման նախաձեռնություն կա: Նա նաև չբացառեց  նմանատիպ իրավական-քաղաքական նախաձեռնություններ, օրինակ՝ ռազմական պայմանագրի նախապատրաստում ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև:
 

Քաղաքագետը գտնում է, որ Ադրբեջանի զսպման ամենակարևոր միջոցը ռազմաքաղաքականն է. ՀՀ հնարավորությունների ցուցադրումը Ադրբեջանին, թե ինչ հետևանքներ կունենա, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսի, իսկ ԼՂՀ ճանաչման գործընթացը այդ զինանոցում քաղաքական բաղադրիչ է:


Սերգեյ Մինասյանը նաև նշեց, որ եթե ճանաչվի ԼՂՀ անկախությունը, ապա այլ ռազմաքաղաքական իրավիճակ կստեղծվի։ Ու նկատեց, որ Ադրբեջանի փորձը՝ ձախողել 94 թվականի զինադադարի եռակողմ պայմանավորվածությունը, չհաջողվեց:

ԼՂՀ ճանաչման փաստն այն հնարավոր քաղաքական գինն է, որն Ադրբեջանը պարտավոր է վճարել, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսի. քաղաքագետ