ԿԳ նախարարը կոչ է անում հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել

12:35 • 11.05.16

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում շրջանավարտներին կոչ արեց հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել:

 

«9-րդ դասարաններում որոշել են, որ պետք է ավարտական երեկո կազմակերպեն: Բնականաբար, փորձում են ինչ-որ միջոցներ հավաքել: Սա հասարակության խնդիրն է: Ուզում եմ առիթից օգտվելով` դիմել ոչ միայն դպրոցների տնօրինությանը և ուսուցիչներին, այլև մեր ծնողներին ու ասել` հաշվի առեք այսօրվա իրավիճակը: Հաշվի առեք, որ ձեր շատերի երեխաները, եղբայրները հիմա խրամատներում են: Ավելի համեստ անցկացրեք: Ոչ ոք երեխաներից չի խլում նրանց միջոցառումը, ոչ ոք չի ասում, որ նրանք չհավաքվեն, չուրախանան, բայց ցուցադրական մեծ գումարներ հավաքելը, շքեղ ռեստորաններում հավաքույթները վնասում են նույն միջոցառման հիշատակին»,- ասաց կրթության և գիտության նախարարը:

 

Նա ասաց, թե հարցի վերաբերյալ խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ապա ավելացրեց, որ պետք է փորձեն նախ դրամահավաքը դպրոցից դուրս բերել:

 

«Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,-ևս մեկ անգամ ընդգծեց Լևոն Մկրտչյանը:

 

ԿԳ նախարարը կոչ է անում հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել