Վիրավոր երկու զինծառայողների ծնողներ ցանկություն են հայտնել, որ իրենց զավակները բուժում ստանան արտերկրում. Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարությունում երեկ մինչև ուշ գիշեր «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողների հետ քննարկել են վիրավորներին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ միաժամանակ նշելով, որ վերջին օրերին գրեթե ամեն օր զինծառայողների ծնողների հետ հանդիպում է ունենում:
«Երեկ մինչև ուշ գիշեր զինծառայողներ Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, արդյոք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները: Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե՛, մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և՛ ծնողներից, և՛ հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել»,- ներկայացրեց առողջապահության նախարարը:
Նա նշեց, որ ծնողներն էլ համոզվել են, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել:
«Մեր աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, լոգիստիկ մեթոդաբանությունն ամբողջությամբ վերցնել մեզ վրա: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առաջ և այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ՝ հաշվի առնելով, որ զինվորների տեղափոխությունը կապված է ծախսերի հետ:
Այդուհանդերձ, ըստ Արմեն Մուրադյանի՝ խնդիրը հետևյալն է. արդյոք զինվորներին կարող են արտերկիր տեղափոխել:
«Երկու վիրավորները թթվածնից կախվածություն ունեն, Արմանի ջերմությունը երեկ եղել է 38 աստիճան, պառկելախոց ունի, Ռուբենն էլ «սպինալ շոկի» փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին: Ամեն դեպքում, ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և մենք այդ ընթացքում տղաների կողքին են լինելու»,- ասաց նախարարը:










