Նորակազմ ակումբները այլևս պարտավոր չեն լինի 80 միլիոն դրամի երաշխիք ներկայացնել

18:30 • 21.05.16

 Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի վերանայման առաջարկի քննարկումը:

 

Համաձայն ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 5-րդ կետի՝ «Նոր կազմավորված և ՀՖՖ Առաջին խմբի առաջնության մասնակցության Հավաստագիր ներկայացրած ակումբները պարտավոր են դիմումի հետ միասին ՀՖՖ-ին ներկայացնել Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, Կանոնադրության պատճենը` հաստատված կազմակերպության կնիքով, Երեք տարվա կտրվածքով բանկային երաշխիք` տարեկան 80.000.000 ՀՀ դրամի չափով»:

 

Համաձայն ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Նախորդ կետում նշված ակումբները Հավաստագիր ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են նաև ՀՖՖ-ում դեպոնացնել 80.000.000 ՀՀ դրամի չափով դրամական երաշխիք, որը ենթակա է վերադարձման թիմի մասնակցությամբ երրորդ մրցաշրջանի ավարտից հետո, երեք օրվա ընթացքում: Նշված ժամկետից շուտ առաջնությունը լքելու կամ առաջնությանը մասնակցության հայտ չներկայացնելու դեպքում` ՀՖՖ-ում դեպոնացված երաշխիքային գումարը ենթակա չէ վերադարձման»:

 

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը՝ ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչելու մասին: 

Նորակազմ ակումբները այլևս պարտավոր չեն լինի 80 միլիոն դրամի երաշխիք ներկայացնել