Գվատեմալայի հավաքականի հետ մրցավեճում արդյունավետ գործողություններով աչքի ընկած մեր ընտրանու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը դարձավ ազգային հավաքականում գրանցված առաջին հեթ- տրիկի հեղինակը: Հարկ է նշել, որ Հենրիխը նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում մինչ օրս գրանցված միակ հեթ -տրիկի հեղինակն է: Նա աչքի էր ընկել 2009թ. նոյեմբերի 17-ին Իռլանդիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցախաղում՝ գոլերից մեկը խփելով 11մ հարվածով:
Գվատեմալայի հավաքականի հետ մրցավեճում Հենրիխը մրցակցի դարպասը գրավեց խաղային իրադրություններում՝ կրկին դրսևորելով իր բարձր վարպետությունը: Նա էլ ավելի ամրապնդեց ազգային հավաքականում լավագույն ռմբարկուի իր անսասան դիրքը՝ գոլերի թիվը հասցնելով 19-ի:
Հարկ է նշել, որ անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանին այդպես էլ չհաջողվեց ազգային հավաքականում գոլի հեղինակ դառնալ: Վերջին գոլը նա խփել էր 2014թ. սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում Դանիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական խաղում:
Գվատեմալայի հավաքականի հետ մրցավեճում տևական ընդմիջումից հետո գոլերի հեղինակներ դարձան նաև Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը: Էդգարը վերջին անգամ հավաքականում աչքի էր ընկել 2013թ. փետրվարի 5-ին ֆրանսիական Վալանս քաղաքում Լյուքսեմբուրգի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում: Իսկ Սարկիսովը վերջին գոլը խփել էր 2014թ. մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքում Ալժիրի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում: Գվատեմալացիների դարպասը խփած գոլի շնորհիվ Արթուր Սարկիսովն ընդգրկվեց ՀՀ հավաքականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում:
Armsport.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականում արդյունավետությամբ աչքի ընկած ֆուտբոլիստների ցանկը:
1.Հենրիխ Մխիթարյան |
19 |
2.Արթուր Պետրոսյան |
11 |
3.Գևորգ Ղազարյան |
9 |
4.Յուրա Մովսիսյան |
9 |
5.Էդգար Մանուչարյան |
9 |
6.Մարկոս Պիզելի |
8 |
7.Արա Հակոբյան |
7 |
8.Արմեն Շահգելդյան |
6 |
9.Արման Քարամյան |
5 |
10.Ռոբերտ Արզումանյան |
5 |
11.Արթուր Սարկիսով |
5 |