Ներկայացվածը հայ համայնքին վիրավորող երևույթ է. «Ակօսի» խմբագիրը Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակի մասին

23:21 • 08.06.16

 Համայնքի վարիչի գործառույթն անողները ենթարկվում են երկրի կառավարությանը, հասարակության կամքը բոլորովին տարբեր է. Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ակոս» պարբերականի հայերեն մասի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ խոսելով  Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակի մասին։

Նա նշեց, որ նամակում ներկայացվածը «հայ համայնքին վիրավորող երևույթ է», համայնքի բոլոր անդամներն արքեպիսկոպոսի պես չեն մտածում։

Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել: Բաց նամակը հրապարակվել էր «Ակօս»- ում։

«Մեր հրապարակումից հետո ահագին արձագանքներ եղան։ Բոլորն էլ պախարակեցին, մեղադրեցին Արամ արքեպիսկոպոսին, բոլորն էլ ասում էին, որ նա իրավունք չունի մեր անունից խոսելու։ Ինքն անգամ պատրիարք էլ չէ, այլ նշանակված է պատրիարքարանի փոխանորդ, հետևաբար իրավասու չէ այդպիսի նամակ հրապարակելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Էստուկյանը։ Նա պատմեց, որ անգամ թուրքական լրատվամիջոցներում փորձում են հրապարակել նյութեր, որտեղ ներկայացվում են հայերի տեսակետներ, իբրև թե դժգոհ են Բունդեսթագի բանաձևի ընդունումից։  «Մինչդեռ իրականությունն այդպես չէ, հայերն ինչո՞ւ պետք է դժգոհ լինեն դրանից, վերջապես պատմական իրողության հաստատումն է դա»,-ասաց ստամբուլահայ խմբագիրը։

Նա  նշեց, որ Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունելուց հետո Թուրքիայում բնավ հայերի նկատմամբ լարվածություն չկա. «Նման բանի հավանականություն ես չեմ տեսնում։ Ոչինչ էլ չեն կարող անել։ Արքեպիսկոպոսի մտահոգությունն անտեղի է։ Իր հաշիվներն է անում։ Եթե թուրքերեն այդ խնդրին անծանոթ են, նրանց հետ պետք է այլ լեզվով խոսել, պետք է  հեղինակություն ունենալ, հայի դիրքերից խոսել»,-ասաց Բագրատ Էստուկյանը։

Tert.am-ի հարցին, թե ինչպես են փորձում իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտել Արամ Աթեշյանի արարքների հետ կապված, Բագրատ Էստուկյանը պատասխանեց. «Պատրիարքարանի կայքէջի վրա բավական շատ հակազդեցություններ  են ուղարկվում, որոնք իսկույն ջնջվում են»։ Նա նշեց, որ արքեպիսկոպոսի գործողությունների վրա ազդելու քաղաքական և իրավական մեխանիզմ չկա։

«Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է իր հեղինակությունն օգտագործել ժողովրդի մեջ։ Եթե կաթողիկոսն իր դժգոհությունն արտահայտի, օրինական նշանակություն այն չի ունենա, բայց ազդեցություն կարող է ունենալ»,– ասաց նա։

Բագրատ Էստուկյանը նկարագրեց  Պոլսի Հայոց պատրիարքարանում առկա խնդիրները՝ նշելով, որ այնտեղի պատրիարքն է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որն առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով ոչինչ չի կարողանում անել, նրա փոխանորդն էլ «անարժան մեկն» է։

Tert.am-ի դիտարկմանը՝ արդյո՞ք համայնքի կողմից չի բարձրաձայնվում Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարցը, Բագրատ Էստուկյանը պատասխանեց. «Դա հնարավոր է անել միայն ահաբեկչության միջոցով, օրինակ՝ մի խումբ երիտասարդներով պատրիարքարանի շենքը գրավել, այնտեղ հացադուլ անել, բողոք անել, Ստամբուլը ոտքի հանել, մամուլի ուշադրությունը գրավել։ Անկեղծ ասած, չգիտեմ, թե նման բաները որքանով ճիշտ կլինեն, որքանով արդյունք կտան։ Օրինական հողի վրա բան անել չենք կարող»։

Նշենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն առաջին անգամ չէ, որ թուրքամետ դիրքորոշումով է հանդես գալիս։ Նախորդ տարի բուռն քննարկման առարկա էր դարձել այն, որ նա դեմ էր ապրիլի 23-ին  Պոլսի պատրիարքարանի հայկական եկեղեցիներում զանգերի ղողանջ հնչեցնելուն,  նաև հրաժարվել էր ապրիլի 24-ին գալ Էջմիածին։