Գերմանիայի ճանաչումը ոչ միայն ազդակ է, այլ նաև՝ ցուցիչ, որ որոշ բաներ փոխվել են Ցեղասպանության հարցի հետ կապված. Սուրեն Մանուկյան

21:51 • 08.06.16

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով պետական այցով Երևանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությանը, թե Չեխիա վերադառնալուն պես կդիմի խորհրդարանին, որպեսզի հետևեն Գերմանիայի օրինակին և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ասաց, թե Չեխիան ավստրոհունգարական կայսրության կազմում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ և նույնպես մեղսակից էր Հայոց ցեղասպանության հարցում:

«Անցյալ տարի Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը,որը նշանակում է, որ ավստրոհունգարական կայսրության կարևորագույն հատվածը ճանաչում է, և Չեխիայի ճանաչումը տրամաբանական կլիներ»,-ասաց Սուրեն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Գերմանիայի ճանաչմանը, ապա, ըստ Սուրեն Մանուկյանի, դա ոչ միայն ազդակ է, այլ նաև ցուցիչ է, որ որոշ բաներ փոխվել են այս հարցի հետ կապված:

«Մենք շեշտում ենք, որ Գերմանիան դաշնակից պետություն էր և մեղսակից պետություն էր Հայոց ցեղասպանության հարցում, և իր կողմից ճանաչումը տարբերվում է մյուս ճանաչումներից: Եթե մյուս դեպքերում այլ պետությունները ճանաչում են՝ որպես կողքից դիտորդ, որպես չներգրավված այդ գործընթացում, ապա Գերմանիան ճանաչեց ինքն իրեն մեղսակից, և ըստ էության, հաստատեց այն, ինչի մասին մենք վաղուց խոսում էինք: Գերմանիան ոչ միայն ճանաչեց իր մեղսակցությունը, այլ նաև ընդգծեց, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, և Թուրքիան մեղավոր է դրանում»,-ասաց Սուրեն Մանուկյանը:

Նա այդ ճանաչումը շատ կարևոր համարեց քաղաքական տեսակետից:

«Գերմանիան ցույց տվեց շատ պետությունների, որ նույնիսկ իր սեփական տարածքում ունենալով հսկայական թուրքական զանգված և նույնիսկ լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, այս հարցում դա չի կարող խոչընդոտ լինել ճանաչման համար: Սրանով նաև Գերմանիան Թուրքիային ցույց տվեց, որ իր ճանաչումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնի ամբողջ Եվրոպայում, եթե Թուրքիան ինչ-ինչ հարցերում չզիջի Գերմանիային: Հայաստանին մնում է միայն փորձել օգտվել ստեղծված իրավիճակից»,-նկատեց Սուրեն Մանուկյանը: