ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու որոշման նախագիծը
ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ են՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը:
Վերջինս Tert.am-ի հետ զրույցում հայտնեց՝ քանի որ թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները և թե՛ ինքն ունեին նմանատիպ նախագծեր, որոշեցին միավորել դրանք:
«Քանի որ խոսքն առնչվում է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունը ներկայացնող ՀՀ քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն այն երկրում, որտեղ իրենք ապրում են, իրենց ձայնը բարձրացնել, մանավանդ, որ նպատակը ցեղասպանության հանցագործությունները կանխելն է»,- հավելեց Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ հայտարարության տեքստը բաց է, ու բոլոր քաղաքական ուժերը կարող են միանալ:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նախագծի համար խոսակցություններ կային, որ Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ պետք ուղարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, սակայն հարցը հետաձգվում էր:
Թևան Պողոսյանը նշեց, որ նախագծի այս տարբերակը լրամշակված է ու հարուստ փաստագրական նյութերով:
Նախագիծը պատրաստելուց առաջ համահեղինակները հանդիպել ու խորհրդակցություններ են անցկացրել եզդիների «Սինջար» միավորման ներկայացուցիչ Բորիս Մուրազիի հետ:










