Գագիկ Ծառուկյանը դեռևս չի մտածել առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին. Իվետա Տոնոյան
Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկով զբաղված է Օլիմպիական խաղերին հայ հավաքականի մասնակցության նախապատրաստական աշխատանքներով, որոնցով անձնապես ինքն է զբաղվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե իշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին նորից պատգամավոր դարձնելու հարցը:
«Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանի մասնակցել-չմասնակցելուն կամ մասնակցության ձևաչափին, ապա նա դեռևս նույնիսկ չի մտածել այդ ուղղությամբ, քանի որ ինչպես արդեն նշեցի, շատ ավելի կարևոր հարցեր կան այս պահին, որոնց մասին նա այժմ մտածում և հոգ է տանում»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ ըստ armtimes.am կայքի, Գագիկ Ծառուկյանին անգամ առաջարկվել է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց նա չի համաձայնել:
Արձագանքելով այս տեղեկությանը, Իվետա Տոնոյանն ասաց, թե ստույգ տեղեկատվություն չունի Գագիկ Ծառուկյանի առաջիկա անելիքների մասին, քանի որ նա մշտապես անձնապես է խոսել իր նպատակների ու անելիքների մասին. «Կարծում եմ, որ այս հարցը ևս բացառություն չի լինելու, և երբ ինքը մտածի այդ ուղղությամբ, անձնապես տեղյակ կպահի հանրությանը»:










