Վերջին անգամ իրար հետ հեռախոսով Շերամ երգեցինք. Գագիկ Սուրենյան
Հայ մեծ երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը հայ երգարվեստում մի գագաթ էր, որն այդպես էլ անգերազանցելի ու անհաղթահարելի մնաց: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, որը Օֆելյա Համբարձումյանի մտերիմ էր ու անգամ երգչուհու մասին ֆիլմ է նկարել:
«Օֆելյա Համբարձումյանը տիտան էր, այդ ֆիլմում ամփոփված է նրա ողջ կյանքը` ծնված օրվանից: Եվ ֆիլմը նկարելիս մեր ցանկությունն է եղել, որ մարդիկ տեսնեն, թե ինչ ենք ունեցել, որովհետև նա մի գագաթ էր հայ ժողովրդական երգում, որն այդպես էլ անգերազանցելի մնաց ու անհաղթահարելի: Նա ստեղծեց մի ոճ, որը կոչվում է օֆելյահամբարձումյանական: Նրա կատարումները ոչ մեկի հետ չես կարող շփոթել»,- ասաց Գագիկ Սուրենյանը` կարևորելով այն, որ երգչուհին հայ գուսանական երգը մաքրեց ավելորդ «կլկլոցներից ու ծվծվոցներից»:
Ըստ Գագիկ Սուրենյանի` ականավոր երգչուհին, որի հետ գրեթե ամեն օր շփվել է, որևէ հիվանդությամբ չէր տառապում և մահացավ 91 տարեկանում` ծերությունից:
Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանի մասին Գագիկ Սուրենյանի նկարահանած ֆիլմի պրեմիերան վերջերս էր կայացել, իսկ հիմա հեղինակները ցանկանում են այն տանել շրջագայությունների` սփյուռք:
Գագիկ Սուրենյանը երգչուհու հետ շփվել է մի քանի օր առաջ. երգչուհին զանգել էր, երկար խոսել էին, նույնիսկ երկուսով Շերամ են երգել:
«Մենք իր հետ համարյա ամեն օր խոսում էինք, բայց այդ օրը նա գրեթե 30 րոպե կանքի մասին խրատ էր տալիս»,- պատմեց Գագիկ Սուրենյանը:
Չնայած մշտական շփումներին` Գագիկ Սուրենյանն ասում է, որ երգչուհի հետ շփվելիս`մշտապես մարմնով սարսուռ է անցել ու գիտակցել է, որ շփվում է մարդ-դարաշրջանի հետ:










