Նոր հարկային օրենսգրքում լավ բան քիչ կա. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

11:37 • 15.06.16

Նոր Հարկային օրենսգրքի վերաբերյալ դժգոհությունս մեծ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով՝ նոր Հարկային օրենսգրքով կատարված փոփոխություններն առաջին հերթին հարվածում են փոքր ու միջին բիզնեսին:

«Խնդիրը ոչ միայն նա է, որ զգալիորեն բարձրացվում է հարկային բեռը, այլ այն, որ Հարկային օրենսգրքով տնտեսության էլ ավելի վերաբաշխում կլինի՝ հօգուտ խոշոր բիզնեսի: Խոշորները, միանշանակ, կստանան արտոնություններ, կպահպանեն դրանք, իսկ փոքր ու միջին բիզնեսը կծանրաբեռնվի էլ ավելի մեծ հարկերով. մտցվում է դիվիդենտի հարկում հասկացությունը, որը տնտեսության վրա վատ է ազդում, էլ ավելի վատ է ազդելու ներդրումների վրա և այլն: Մի խոսքով՝ լավ բան քիչ կա»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ խոշոր բիզնեսը, որը սերտաճած է իշխանության հետ, երբևէ հարվածի տակ չի դրվի, իշխանությունը չի գրի այնպիսի Հարկային օրենսգիրք, որն իր դեմ լինի: Բագրատյանը նշեց, որ ՓՄՁ-ները միակ հարթությունն են, որտեղ մնում է խստացնել:

Անդրադառնալով ՀԱԿ պատգամավորի կողմից Հարկային օրենսգրքի շուրջ արված ավելի քան 140 առաջարկներին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ իշխանությունների մոտ այս պահին չի տեսնում պատրաստակամություն՝ դրանք ընդունելու:

Դիտարկմանը, թե առաջարկում եք նաև հարկել հայ առաքելական եկեղեցին, պատգամավորն այսպես արձագանքեց. «Այո, կա նաև այդ խնդիրը: Ընդունված է նոր Սահմանադրություն, որով բոլոր կրոնները հավասար են համարվում: Եթե Հայ կաթողիկ եկեղեցին հարկվում է, Հայ առաքելական եկեղեցին չի հարկվում, հավասա՞ր եղան այդ եկեղեցիները: Չէ՞որ հայերի 20 տոկոսը կաթոլիկ են, չէ՞որ մենք գյուղեր ունենք կաթոլիկ»:

Նա նշեց, որ եկեղեցու հարկումը չի ենթադրում պաշտամունքի կամ ծիսակարգի դեպքում, խոսքը ձևակերպումների մասին է, թե եկեղեցին կարող է խանութ կամ սրճարան ունենալ: «Խոսքը կրկնում եմ՝ եկեղեցուն, մոմին, պատարագին չի վերաբերում»,- հավելեց նա:

Նոր օրենսգիրքը, նրա համոզմամբ, եկամուտներ չի ավելացնելու, շարունակելու է ճգնաժամը, քանդելու է մի քանի տասնյակ ՓՄՁ-ներ:

Հարցին, թե քաղաքական կա՞մքն է բացակայում, որ այս անգամ էլ չունենք տնտեսությունը զարգացնող, խթանող փաստաթուղթը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Չգիտեմ, նման օրենսգրքի քաղաքական կամքը ո՞րն ա… Նախագահի կամ վարչապետի ինչի՞ն է պետք, չգիտեմ… Չգիտեմ՝ իրենք ինչ են կարծում: Վստահ եմ, որ երկուսն էլ չեն կարդացել, հնարավոր չէ, որ կարդան, վստահ եմ, որ սեփական կարծիք այս օրենսգրքի շուրջ չունեն ու պարտավոր էլ չէին ունենալ: Կա իներտ ապարատ, որը սա անում է, նախագահը կամ վարչապետը հետադարձ կապ չունեն: Չեմ բացառում, որ խորանան, ասեն՝ էս ինչ եք տարել: Եվ այո, գուցե ճիշտ եք, որ քաղաքական կամք չկա՝ խորանալու»:


Մյուս մանրամասները՝ տեսանյութում։