Եթե կա «Լավրովի» ծրագիր, այն պետք է հրապարակվի. Մասիս Մայիլյան

20:19 • 21.06.16

Եթե կա «Լավրովի» ծրագիր, այն պետք է հրապարակվի, որը հնարավորություն կտա բաց քննարկման. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որով դեմ էր արտահայտվել «լավրովյան ծրագրին»:

Նա նշեց, քանի որ հրապարակված փաստաթուղթ չկա, մեկնաբանություններ անել էլ չի կարելի. «ՌԴ ԱԳՆ-ի քարտուղարն ասաց, որ ծրագրի մասին խոսելը սխալ է, բայց կան որոշակի զարգացումներ և կողմերի միջև գաղափարների քննարկման գործընթաց»:

Մասիս Մայիլյանը նշեց, որ հիմա մեզ համար առաջնային խնդիրը Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանական հնարավորությունների բարձրացումն է: Առանց դրա՝ բանակցային գործընթացը արդյունավետ չի լինի:

«Կարծում եմ, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն համատեղ պետք է ամբողջությամբ վերանայեն միջազգային միջնորդների հետ աշխատանքում իրենց հնացած մեթոդները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե բանակցությունները վերականգնվեն նոր մոտեցումների և առաջարկների հիման վրա, ապա Արցախը պետք է ունենա բոլոր իրավունքները մասնակցելու քննարկումների և խաղաղ բանակցությունների իրականացման ամբողջ գործընթացին:

«Արցախի Հանրապետությունը, որպես անկախ ռազմաքաղաքական գործոն այս տարածաշրջանում, պատրաստ է և կարող է իր վրա վերցնել խաղաղության պահպանման պատասխանատվությունը և կայունությունը տարածաշրջանում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորչության ներքո կամ երկկողմանի ձևաչափով»,- ասաց նա:

Մասիս Մայիլյանը նշեց, որ Արցախը, ունենալով ռազմական մեխանիզմներ, պետք է միջազգայնորեն ճանաչվի. «Մեզ պետք է այդ խնդիրը լուծել, անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման գործընթացից»:

Նա անդրադարձավ նաև երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը. «Իմ կարծիքով՝ նախագահների միասնական հայտարարությունը կոչված է ներկայացնել հանդիպման արդյունավետությունը և մասնակիցների կառուցողական տրամադրվածությունը: Ինչպես ներկայացված է փաստաթղթում` երկրների ղեկավարները հայտարարել են խնդրի կարգավորման ասպեկտներին վերաբերող մի շարք հարցերում փոխադարձ համաձայնության մասին: Հայտնի է, որ առանցքային հարցերի շարքում են Լեռնային Ղարաբաղի ստատուսի որոշումը, տարածքների և փախստականների խնդրի լուծումը, Լեռնային Ղարաբաղի հաղորդակցության և անվտանգության ապաշրջափակումը: Իրականում, հայտարարության տեքստում ասված չէ, թե վերոնշյալ խնդիրներից որի շուրջ է եղել համաձայնություն»:

Մասիս Մայիլյանը նշեց, որ հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման մասին կողմերի համաձայնությունը դրական քայլ է, բայց բավարար չէ:

«Առանց սահմանին հրադադարի խախտման մշտական միջազգային վերահսկողական և սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, պետք չէ սպասել, որ Ադրբեջանը կդադարեցնի սահմանին իր պրովոկացիաները»,- ասաց նա:

Մասիս Մայիլյանը կարևոր համարեց, որ վերջին երկու հանդիպումներում նախագահները բարձր մակարդակով նախ պայմանավորվել են կայունացնել սահմանում իրավիճակը, հետո առաջ տանել խաղաղ գործընթացը:

«Այսինքն՝ հասկացվում է, որ առանց կրակի դադարեցման հստակ պայմանավորվածության և վստահության բարձրացման, պետք չէ սպասել քաղաքական հարցերի շուրջ համաձայնության»,-ասաց նա։

 

 

 

 

 

Եթե կա «Լավրովի» ծրագիր, այն պետք է հրապարակվի. Մասիս Մայիլյան