Լքված գոտի. ինչպիսին է Չեռնոբիլը մարդկության պատմության ամենասարսափելի միջուկային աղետից տասնամյակներ անց (լուսանկարներ)
Ավստրալացի հնագետ Ռոբերտ Մաքսվելն այցելել է մարդկության պատմության ընթացքում երբևէ ամենասարսափելի միջուկային աղետը տեսած ուկրաինական Չեռնոբիլ քաղաքն ու ուշագրավ ֆոտոշարք արել այնտեղ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Մաքսվելը միակ ժամանակակից հնագետն է, ով համարձակվել է հանուն գիտական հետազոտությունների շրջել քաղաքի ավերակներով, գնալ դրա ամենավտանգավոր հատվածներն ու ուսումնասիրել դրանք:
«1986թ. տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեղի իշխանությունները հապճեպ տարհանել են հարյուր հազարավոր բնակիչների, ովքեր, փորձելով հնարավորինս արագ փրկվել, հեռացել են` իրենց տները թողնելով այնպես, ինչպես որ դրանք կային: Արդյունքում, երբ ես Չեռնոբիլում էի, ամենուր տեսնում էի անավարտ պատմություններ, աչքիս առաջ բացվում էին սոսկալի տեսարաններ` անսպասելի ընդհատված հազարավոր կյանքերի մասին»,-պատմել է ավստրալացին:
Ապրիլին Մաքսվելը մեկնելու է Տոկիո, որտեղ Համաշխարհային հնագիտական համաժողովի շրջանակում ներկայացնելու է Չեռնոբիլի թեմայով իր հնագիտական աշխատանքի վերաբերյալ առաջին զեկույցը:
1986թ.-ի ապրիլի 26-ին Խորհրդային միության խոշորագույն ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը: Պայթյունի հետևանքով մթնոլորտ արտանետվեց 190 տոննա ռադիոակտիվ նյութ: Ռեակտորի 140 տոննա ռադիոակտիվ վառելիքից 8 տոննան հայտնվեց օդում: Փորձագետները նշում են, որ ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումները կազմել են 50 մլն կյուրի, որը հավասարազոր է 1945թ.-ին Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբի հետևանքների հինգհարյուրապատիկին:



















