Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների իրականացումը $16 մլն կպահանջի
Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր կառավարության նիստի ընթացքում գործադիրի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է գործող Ընտրական օրենսգրքում վերանայել բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացնել բողոքարկման ժամկետները:
Նախագիծը ներկայացնողն ասաց, որ հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը՝ առաջարկվում է ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժամկետ սահմանել ընտրության հաջորդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն, կամ՝ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 9:00-11:00-ն:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում «քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող պետական ծառայող» բառերը փոխարինել «հանրային ծառայող» բառերով:
Փաթեթի հաջորդ նախագծով առաջարկվում է ԱԺ ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների հաշվարկի տեսանկարահանում և համացանցային հեռարձակում առցանց ռեժիմով, տեսանկարահանումը կիրականացվի մասնագիտացված ընկերության միջոցով:
Հաջորդ փոփոխությամբ առաջակվում ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային համակարգ: Առաջարկվում է նաև ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներ ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:
Նույն փաթեթի համաձայն՝ քվեարկության օրը ընտրողների գրանցումը կատարվում տեխնիկական սարքի միջոցով, մատնահետքերով, իսկ ընտրողը դուրս է հրավիրվում ընտրական սենյակից, եթե սարքով պարզվում է, որ ընտրողն արդեն մասնակցել է ընտրության:
Արթուր Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթի առանձնահատկությունը նրանումն է, որ եթե մինչև սույն թվականի սեպտեմբերի մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, ապա այս նախագիծը համարվում է չեղյալ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե արդյոք սեպտեմբերի 1-ը խելամի՞տ ժամկետ է՝ հաշվի առնելով արձակուրդային շրջանը, ինչից հետո հսկայական աշխատանքը կարող է չեղյալ համարվել:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ սա բացառիկ պայմանավորվածության արդյունք է։ Կառավարությունն ու աշխատանքային խումբը, ընդառաջելով քաղհասարակության և ընդդիմության առաջարկներին, բավականին լուրջ փաթեթ են ընդունել, որոնք պահանջում են լուրջ ֆինանսավորում, ինչի ուղղությամբ էլ լուրջ աշխատանք է ընթանում դոնոր կազմակերպությունների հետ:
«Տարբեր կազմակերպություններ փաթեթի իրականացումը գնահատել են 16 մլն դոլար»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Առաջարկությունով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով ասաց, որ զուտ իրավական տեսակետից խնդրի առաջին մասը հնարավոր է բավարարել, իսկ նախագծի՝ սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած համարելու մասին դրույթը իրավական տեսակետից կարելի է քննարկել:
Վարչապետն առաջարկեց հաստատել նախագծերի փաթեթը, առաջիկա երկու օրվա ընթացքում քննարկել և հետո ստորագրել:










