«Խաղաղություն եմ ակնկալում». Վլադիմիր Գասպարյանը Հռոմի պապի այցի մասին
Հռոմի պապի եռօրյա այցը Հայաստան, որն այսօր կավարտվի, տեղի է ունենում արտակարգ հսկողության պայմաններում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ցանկացած նման միջոցառման ժամանակ արտակարգ ծառայություն է իրականացվում, հատկապես այն ժամանակ, երբ դա պետական այց է, արձանագրային միջոցառում: Ուստի այս դեպքում էլ ուժեղացված, արտակարգ ծառայություն կատարվեց ու մինչև օրվա վերջ կկատարվի»,- նշեց Գասպարյանը:
Հարցին, թե միջադեպեր չե՞ն գրանցվել, ոստիկանապետը պատասխանեց. «Փառք տիրոջը, ոչ»:
Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի անձնական դիրքորոշմանը այցի կարևորության վերաբերյալ, ապա վերջինս նշեց. «Կարծում եմ, որ քիչ թե շատ տարրական տրամաբանություն ունեցող մարդը բարձր կգնահատեր այս այցը»:
Tert.am-ի հարցին՝ ի՞նչ եք ակնկալում, ի՞նչ սպասելիքներ ունեք, ոստիկանապետը պատասխանեց. «Խաղաղություն եմ ակնկալում»:
Չկա՞ արդյոք ցանկություն Պապին անձամբ հանդիպելու ու նրանից օրհնություն ստանալու, Գասպարյանը պատասխանեց. «Հոգին մեկն է…»:










