Ֆրանցիսկոս պապի խաղաղության ուղերձն արձագանք է գտել նաև սիրիահայերի շրջանում. ABC News
Հայաստանի բնակչության մեծ մասի համար Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցն առաջին քրիստոնյա երկիր ամենաշատը կհիշվի 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած դեպքերը ևս մեկ անգամ ցեղասպանություն անվանելու և Թուրքիայի հետ խաղաղության և հաշտեցման ուղերձի առումով, գրում է ABC News ամերիկյան հեռարձակող ընկերության լրատվական բաժինը:
Այնուամենայնիվ, Սիրիայի պատերազմից փախած էթնիկ հայերի համար խաղաղության կոչն ավելի անձնական բնույթ ունի և կապվում է այժմ այդ երկրում ընթացող հակամարտության հետ, որը խլել է նրանց հարազատների կյանքը և նրանց ստիպել լքել իրենց տները, գրում է լրատվամիջոցը՝ մի քանի սիրիահայերի հետ խոսելով Պապի ուղերձի մասին:
ABC News-ը գրում է, որ Հայաստանում այժմ ապրում է Սիրիայից մոտ 17 000 էթնիկ հայ փախստական: Սիրիայում մինչև 2011 թվականին հակամարտության սկսվելն ապրում էր մինչև 100 000 հայ:
Շատերի համար, ովքեր հեռացել են Սիրիայից, Հայաստանը հյուրընկալ, թեկուզև ոչ հարուստ ապաստան է դարձել:
«Փախստականներին ընդունելը զգալի բեռ է դարձել այս երկրի համար, որն առանց այդ էլ դժվար տնտեսական պայմաններում է գտնվում»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկիրն, այնուամենայնիվ, ջերմորեն ընդունել է փախստականներին՝ նրանց օգնելով բնակարանի հարցում, տրամադրելով տարբեր սուբսիդիաներ և արագացնելով քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:
Չնայած տնտեսական պայմանները Հայաստանում բարդ են, փախստականները նշում են, որ նրանք ամենաշատը գնահատում են ջերմ ընդունելությունը, որին նրանք արժանացել են: Իրենց հմտությունների շնորհիվ նրանք կարողացել են արագորեն աշխատանք գտնել և այժմ աշխատում են որպես բժիշկ, ոսկերիչ, արհեստավոր, վարսավիր և խոհարար, գրում է լրատվամիջոցը:










