Քրդական աշխատավոր կուսակցությունը հերքել է Ստամբուլի ահաբեկչությանն իր մասնակցության հավանականությունը

03:34 • 29.06.16

Քուրդիստանի աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) ռազմական թևի ներկայացուցիչը հերքել է այն հայտարարությունները, որ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչը իրենց կուսակցությունն է, հաղորդում է RIA Novosti-ին։

«ՔԱԿ-ը ահաբեկչություններ չի իրականացնում խաղաղ բնակչության, այդ թվում պատահական մարդկանց դեմ, որոնցից շատերն անգամ Թուրքիայի քաղաքացիներ չեն և ոչ մի կապ չունեն թուրքական օկուպացիայի դեմ ՔԱԿ-ի պայքարի հետ։ Մենք արդար պայքար ենք մղում միայն թուրք զինվորականների և հատուկ ջոկատայինների դեմ, այլ ոչ թե պայթյուններ ենք կազմակերպում օդանավակայաններում և այլ խաղաղ հաստատություններում»,- մանրամասնել է նա։

Նա նաև նշել է, որ կուսակցությունը երբեք մահապարտ-ահաբեկիչների չի օգտագործում, իսկ տվյալ ահաբեկչության մեջ, ըստ նրա, երևում է ԻՊ-ի և այլ իսլամիստական խմբավորումների ստորագրությունը։

Ըստ վերջին տվյալների, Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 32, վիրավոր է 147 մարդ։