Լարսում մնացած ևս 120 անձ ՀՀ կտեղափոխվի այսօր. փոխվարչապետը ներկայացրեց տիրող իրավիճակը
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Վերին Լարսի հատվածում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ հունիսի 23-ին տեղացած անձրևների պատճառով Թերեք գետը հեղեղել է Մցխեթա-Ստեփանծմինդա ճանապարհահատվածի 134-135 կմ հատվածը:
«Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումները դարձել են անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով: Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում, համապատասխանաբար ԱԻՆ-ը և Տրանսպորտի և կապի նախարարությունը օպերատիվ կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: Վարչապետի նամակով ՌԴ կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ՝ սահմանին մնացած քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Վլադիկավկազ-Երևան թռիչքով արդեն իրականացրել է 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր կփոխադրվի այսօր: Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի- Նովոռոսիյսկ լաստանավի միջոցով 72 բեռնատար մեքենաներ հասել են Նովոռոսիյսկ և արդեն բեռնաթափվում են: Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն սպառվել են»,-տեղեկացրեց փոխվարչապետը:
Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ «Սպայկա» ընկերության միջոցով տեղափոխված 55 բեռնատարներն արդեն հասել են Նովոռոսիյսկ և սպասում են նավահանգստին մոտենալու թույլտվությանը, իսկ հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերության վարձակալել է երկրորդ լաստանավը և 50 բեռնատար մեքենաներով կմեկնի Փոթի:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ կուտակված բեռնատար մեքենաների թիվը Վրաստանում հասնում է 15-20-ի, չհաշված նրանք, որոնք գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում:
Ռուսական կողմում կուտակումների վերաբերյալ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այնտեղ կուտակումների թիվը հասնում է 40-50-ի, սակայն Վլադիկավկազի ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ,որոնք միայն ՀՀ քաղաքացիներին պատկանող մեքենաներ չեն:
Փոխվարչապետը փոխանցեց, որ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արտահանվել է 10 000 տոննա ծիրան, 5000 տոննա էլ դեռ արտահանվելու է:
Վաչե Գաբրիելյանը քաղաքացիներին հորդորեց Հայաստանից դուրս գալուց առաջ լաստանավի վրա տեղ ամրագրել կուտակումներից խուսափելու համար:
Փոխվարչապետը հայտնեց, որ վրացական կողմի հայտնած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հունը 50 տոկոսով տեղափոխվել է դեպի նախկին դիրքը, մաքրման գործողությունները շարունակվում են, իսկ աշխատանքները, նախնական տվյալներով, կարող են տևել 2-3 շաբաթ:










