Գագիկ Խաչատրյանը որդիների՝ Լոս Անջելեսի տան, կոռուպցիոն ռիսկերի, իր անվան հետ կապվող ընկերությունների և բանակի խնդիրների մասին
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր որդիների՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան մասին շրջանառվող խոսակցություններին, որը հրապարակել էր Hetq.am կայքը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է իր տղաներին հաջողվում այդքան շահութաբերություն ապահովել, ասաց. «Հիմա որ ասեմ՝ մենեջմենթը ճիշտ են կազմակերպել, լավ խորհրդատուներ, լավ գործընկերներ ունեն, մի քիչ ճիշտ չի լինի, բիզնեսն իր օրենքներն ու գաղտնիքներն ունի: Հենց բիզնեսի տրամաբանությունն այն է, որ կարողանաս ճիշտ կողմնորոշվես և ճիշտ պահին շահույթ հետապնդես»:
Ինչ վերաբերվում է նրան, որ իր անունն էլ է կապվում տղաների առանձնատան հետ, ասաց. «Բնականաբար իմ տղաներն են կկապեն, ո՞նց կարող է չկապեն»:
Իսկ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ նշեց. «Եթե հիմա դուք մի քիչ խորը վերլուծություն անեք...եթե նման գործարք լիներ, նրանք կանեին ուրիշի անունով, թաքնված, սակայն այդ տեղեկությունը 2009-2010թ.-ից է, կարող էիք մտնել և իմանալ: Դուք ի՞նչ եք կարծում, եթե որևիցե ռիսկ լիներ, կձևակերպեի՞ն իրենց անուններով, իհարկե չէին ձևակերպի»:
Խաչատրյանը նշեց, որ լրատվամիջոցներն էլ ներկայացնելու խնդիր ունեն: «Եթե հիմա ասեմ դուք չհավատաք, դրա համար համապատասխան կառույցներ կան՝ հետաքրքրվում են ճշտում են, իրենք էլ այդպես միամիտ տղաներ չեն, որ գործարքներ կատարեն իրենց անուններով, և դրանք հաշվի չառնեն: Ամերիկայում էլ կան լուրջ իրավաբաններ, որոնք դրանք քննարկում են, ասում են օրենքի դաշտում»,- ասաց նա:
Ֆինանսներ նախարարը նշեց, որ ինքն իր լծակներով չէր էլ կարող ազդել, քանի որ շատ դեպքերում ռիսկեր է տեսնում: «Բայց իրենք երիտասարդ, ամբիցիոզ բիզնեսմեններ են, իհարկե, խորհուրդներ տալիս եմ, բայց իրենք իրենց բիզնես ծրագրերը, գործընկերներն ունեն, համապատասխան մասնագետներ ունեն, խմբեր ունեն, որոնք վերլուծում և հուշում են: Հիմա մեծ տղաներ են, կարո՞ղ է ամեն գործողություն անելիս գան ասեն ՝ «պապա ջան էս անե՞նք, թե՞ չանենք»: Ամենակարևորն այն է, որ դա շահույթ հետապնդող գործունեություն է, որը հետագայում Հայաստանի ծրագրերում են ներդնում, բիզնես ծրագրերի վարկային փաթեթն են մեծացնում, սոցիալական ծրագրեր են իրականացնում»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ապրիլյան դեպքերից հետո, երբ բանակի խնդիրներն ի հայտ եկան, բոլորի հայացքն ուղղվեց պաշտոնյաների շքեղ ապրելակերպին, այսինքն՝ ստացվեց, որ բանակը զենքի խնդիր ունի, իսկ պաշտոնյաների ունեցվածքը չափ ու սահման չունի, և հարցին, թե արդյոք այդ քննադատությունն արդարացված չի համարում, Ֆինանսների նախարարն ասաց. «Դրանք իրար հետ համադրելի համեմատություններ չեն, ինչ է մենք ուզում ենք, որ Հայաստանում հարուստներ չլինե՞ն, բայց դուք ճիշտ եք ասում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք բանակի, Արցախի սահմանների հետ կապված խնդիրները բարձ մակարդակով լուծվեն»:
Հարցին, թե եթե տղաները այդքան շահութաբերություն են կարողանում ապահովել, որքանով են օգնել բանակին, ֆինանսների նախարարն ասաց. «Ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, բայց մեծ օգնություն են ցուցաբերում, ծրագրեր են իրականացնում»:
Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք կապվում են իր և իր հարազատների անվան հետ, Գագիկ Խաչատրյանն ասաց. «Այդ ընկերություններից շատերը ընդհանրապես ո՛չ իմ, ո՛չ իմ բարեկամների հետ կապ չունեն: Հիմա ես ցանկը չեմ հիշում, բայց այն, ինչ կապում են իմ անվան հետ, ես դրանք չեմ էլ կարող և չեմ էլ ուզում թաքցնել: Ես նշեցի, որ կա գործառույթ, ըստ որի՝ ձևակերպում են իրենց հեռու հարազատ-բարեկամների անուններով և հնարավոր չէ շատ դեպքերում ապացուցել, և կա տարբերակ, որ ուղղակի գրում են և պարզ ճակատով ասում են: Եթե ձեռնարկությունները ինչ-որ ձևով կապվում են իմ և իմ հարազատների հետ, հիմա ի՞նչ պետք է արվի»,- հարցրեց նա։
Նախարարը նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ «Մեգաֆուդ» ընկերությունն իր բարեկամներինն է: «Ի՞նչ գաղտնիք կա, բայց ի՞նչ պետք է անեն, եթե իմ հարազատները, իմ տղաները պետական կառույցում չեն աշխատում, ի՞նչ գործով պետք է զբաղվեն»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ նոր Դուք ասացիք, որ շատերը իրենց անունով չեն գրանցում ընկերությունները, այլ հարազատի անունով են գրանցում, հիմա այդ նույն խնդրին այստեղ ենք հանգում, այսինքն՝ Ձեր անունով չե՞ք գրանցել, հարազատի անունով եք գրանցե՞լ, պատասխանեց. «Ո՛չ, ես նման խնդիր չունեմ, իմ տղաները զբաղվում են գործարարությամբ՝ իրենց անունով է գրանցված, իմ բարեկամները զբաղվում են՝ իրենց անունով է գրանցված, ես նման խնդիր չունեմ, որ ես բիզնեսով զբաղվեմ ու գրանցեմ իմ տղաների անունով»:
Անդրադառնալով հարցին, որ ամեն դեպքում, հանրությունը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, պատասխանեց. «Դուք ի՞նչ եք կարծում, որ հասարակությունը պետք չզգա՞ այդ ռիսկը, իհարկե տեսնում են: Հասարակությունն էլ մեղք չունի այդ հարցում, որովհետև տեսնում են, որ Գագիկ Խաչատրյանի տղաները հաջողակ բիզնեսմեններ են, մեկ ուրիշը՝ ոչ»:
Հարցին՝ ի՞նչ միտում եք տեսնում Ձեր անձի շուրջ պտտվող խոսակցություններում, ասաց. «Միգուցե ինձ շատ են սիրում»:
Պատասխանելով հարցին, թե տղաները ծառայել են Հայոց բանակում, ասաց, որ ոչ, քանի որ ընդունվել են ասպիրանտուրա ու պաշտպանել են։










