Գերմանական զորակազմը հնարավոր է հետ կանչվի թուրքական ռազմաբազայից. Գերմանիայի փոխկանցլեր

13:57 • 13.07.16

Եթե գերմանացի պատգամավորները չեն կարող այցելել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա, ապա Գերմանիայի զորակազմը հետ կկանչվի։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը՝ Mitteldeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

 

«Եթե խորհրդարանը չի կարող այցելել իր բանակին, ապա բանակը չի կարող այնտեղ մնալ: Դա հստակ է»,-ասել է Գաբրիելը:

 

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր տեղեկատվությունն այն մասին, որ թուրքական կողմը մերժել է պատվիրակությանն ավիաբազա այցելելու հարցում:

 

Պատվիրակության կազմում եղել էին Բունդեսթագի պատգամավորներ, իսկ այցը պետք է կայանար հուլիսի սկզբին:

 

Գերմանական խորհրդարանի խոսնակ Նորբերտ Լամերտը հայտարարել էր, որ եթե Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ չտա այցելել «Ինջիրլիք», ապա Գերմանիան կարող է իր զինված ուժերը հետ կանչել երկրից: