ՀՀ քաղաքացիները Թուրքիայում որևէ հյուպատոսական աջակցություն չեն կարող ստանալ և չկա մի երկիր, որը ՀՀ-ի շահերն այնտեղ պաշտպանում է. Տ. Բալայան

09:55 • 16.07.16

Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ուստի հնարավոր խնդիրների դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չի կարող տրամադրել ՀՀ  քաղաքացիներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք միշտ ասել ենք, որ որևիցե հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չենք կարող տրամադրել մեր քաղաքացիներին դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասաց նա և նշեց, որ երբևէ ՀՀ ԱԳՆ-ն չի խրախուսել ՀՀ  քաղաքացիների այցերը Թուրքիա:

Նշենք, որ այս գիշեր մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 60 մարդ, տուժել է ավելի քան 150–ը, 754 մարդ ձարբակալվել է:

Տիգրան Բալայանը նշեց, թե այս պահին որևէ տեղեկատվություն չկա, թե արդյոք տուժածների և սպանվածների մեջ կան հայեր: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Թուրքիայում գտնվող հայերը պետք է կապնվեն Շվեյցարիայի դեսպանատան հետ, եթե խնդիրներ ունենան, Տիգրան Բալայանն ասաց, որ նման բան չկա։

«Շվեյցարիան Ստամբուլում մեր շահերը չի ներկայացնում և ընդհանրապես որևիցե երկրի դիվանագիատական ներկայություն Հայաստանի շահերը Թուրքիայում չի ներկայացնում: Մենք մեր քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չենք կարող ցուցաբերել»,-ասաց նա:

Ըստ Տիգրան Բալայանի՝ Թուրքիայում ապրող հայերը հնարավոր խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել հայկական երկեղացական կառույցների և համայնքի հետ:

Հիշեցնենք, որ բլոգեր Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Թուրքիայում գտնվող հայերը պետք է կապնվեն Շվեյցարիայի դեսպանատան հետ, եթե խնդիրներ ունենան։