Զինված խմբավորման գործողություններն անընդունելի են, ծայրահեղ քայլ. Հրանտ Բագրատյան

14:27 • 17.07.16

Մի խումբ զինված անձանց մուտքը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ գտնվող անձանց սպառնալիքով պահելը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ծայրահեղ քայլ է որակում և նշում, թե նման գործողություններն իր համար անընդունելի են:

«Չգիտեմ ով ինչ է արել, բայց ես նման ծայրահեղ քայլերին, բոլոր տեսակի ծայրահեղություններին կողմ չեմ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ: