Ընկերների կապող օղակն էր, ազնիվ ու բարի մարդ, շատ կզգանք նրա կարիքը. ընկերները սպանված գնդապետի մասին (տեսանյութ)

16:21 • 18.07.16

«Սասնա ծռեր» զինված խմբի և գործողությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի տուն տանող փողոցում լռություն է. գնդապետի տան դիմաց՝ նրա եղբոր տան մոտ, տղամարդիկ են լուռ կանգնած: «Այստեղ բոլորս էլ նրա մտերիմներն են, թողեք, մենք մեր ցավի հետ ենք ուզում մնալ»,-նրանցից մեկը միայն սա ասաց:


Գնդապետի հարևաններն էլ տեսախցիկի առաջ չցանկացան խոսել. «Ես չեմ կարող խոսել, էնքան ծանր է ինձ համար,- Tert.am-ի հետ զրույցում ասաց հարևաններից մի տղամարդ,- կներեք, բայց չեմ կարող խոսել…»:

Հարևաններից միայն Սիլվա Մինասյանը խոսեց, այն էլ՝ դժվարությամբ: Ասաց՝ արդեն 40 տարի է, ինչ ճանաչում է Արթուր Վանոյանին, նրա ընտանիքին: Պատմեց, որ վերջին անգամ երկու օր առաջ է տեսել նրան. «Թոռների հետ էր, եկավ, բարև տվեց, անցավ, գնաց»: Սպանության մասին էլ երեկ է իմացել՝ հարսից. «Շատ անսպասելի էր: Մի օր առաջ տենաս, գնա…. Արթուրն ընենց տղա չէր… սաղի համար մղկտալի է»:

Հարևանուհին միայն դրական խոսքերով նկարագրեց Արթուր Վանոյանին. «Լավ տղա է եղել՝ խելոք, աշխատող, էրեխեք ունի, լավ մարդիկ են, շատ լավ մարդիկ են: Լավ տղա է եղել, անցնի-դառնա՝ խելոք, անշնորհքություն չենք տեսել իրենից: Երեխեքն էլ շատ լավն են»,-ասաց նա՝ պատմելով, որ զոհվածը զավակներից երկու աղջկան ամուսնացրել էր, որդին էլ նշանված է, օգոստոսին պիտի ամուսնանա:


Մանկության ընկերները կորցրել են ընկերության կապող օղակին, ազնիվ ու բարի մարդու, իսկ պետությունը՝ լավագույն ծառայողներից մեկին: Tert.am-ի հետ զրույցում Երևանի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում այսպես նկարագրեց երեկ զինված խմբի կողից սպանված գնդապետ Արթուր Վանոյանին՝ նրա մանկության ընկեր Արմեն Սանասարյանը:


Սանասարյանի խոսքով՝ Արթուր Վանոյանը լավ խորհրդատու է եղել՝ բացառիկ  և ազնիվ մարդ. «Նա երկար տարիներ է ծառայության մեջ էր, սակայն մեր ընկերությունն ավելի վաղ է սկսվել:  Նա թե՛ ծառայակիցների, թե՛ մանկության ընկերների  կապող օղակն էր, բայց և ինքը երբեք չէր խառնում ծառայությունն ու ընկերությունը: Ես ցավում եմ բոլորիս համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը զգալու է նրա կարիքը»:



ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ Հրայր Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Վանոյանին ճանաչում է 1995-ից թվականից, երբ նա նոր էր ծառայության անցնում ոստիկանական համակարգում: Հայրապետյանը տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում գնդապետը ծառայության է անցել ոստիկանության Մաշտոցի բաժնում, որպես անչափահասների տեսուչ, քրեական օպերլիազոր, այնուհետև, 1997-ին,  երբ ստեղծվել է ոստիկանության  գունդը, իր աշխատասիրության և անձնուրացության շնորհիվ նա նշանակվել է հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի պաշտոնին:

Հրայր Հայրապետյանի խոսքով՝ ծառայության ընթացքում Արթուր Վանոյանը սրտացավ է եղել ամեն  ինչի նկատմամբ. «Լավ ընկեր էր, լավ հայր էր, ուներ  երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա: Որդին նույնպես հանդիսանում է ոստիկանության ծառայող և առաջիկա օրերին պլանավորած էր նրա հարսանիքը: Վանոյանը նպատակներ ուներ երեխաների հետ կապված, անելիքներ ուներ: Նրա մասին  կարող եմ ասել միայն դրականը, լավ ընկեր էր, բարի էր, ամենակարևորը՝ շատ ազնիվ էր և նույնը պահանջում էր դիմացինից»:

Դիտարկմանը, թե հանրության շրջանում մեջբերվում է  նաև նրա՝ Արցախյան պատերազմի մասնակից լինելու փաստը, ծառայակից ընկերն ասաց, որ նա Արցախյան հերոսամարտին մասնակցել է իր նախաձեռնությամբ. «1995-ին թվականին՝ ոստիկանություն  ընդունվելու ժամանակ, նա իր զինգրքույկն անձամբ ստացել է  Վազգեն Սարգսյանից՝ հատուկ կոչումով: Ես տեղյակ եմ, որ  վկայականը տրվել է Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ, սակայն գնդապետ Վանոյանը երբևիցե չի շեշտել, որ ինքը եղել է հերոսամարտի մասնակից, մենք ամեն ինչ իմացել ենք նրա մարտական ընկերներից: Բացի այդ, նա ուներ  նաև մարտական գործողությունների մասնակցի վկայական, և երբևիցե դրա մասին չէր բարձրաձայնում»:

Ծառայակից ընկերը հավելեց, որ իրենք գնդապետ Վանոյանին դեռ շատ կկարոտեն. «Նման տղերքը չեն մոռացվում»:

 


Գնդապետ Վանոյանի գումարտակում ծառայող Ստյոպա Բաբայանը իր հրամանատարին երբեք չի մոռանա նրա բացառիկ մարդ լինելու համար, իսկ 16 տարվա ծառայության ընթացքում Բաբայանի համար գնդապետ Վանոյանը ավագ ընկեր է եղել. «Նա լավ հրամանատար էր, մեր գումարտակի հետ շատ կապված էր, երբ  միջոցառումներ էր լինում, նա պարտադիր մասնակցում էր: Գնդապետ Վանոյանը մեզ հետ շփումներում իրեն պահում էր ոչ թե որպես հրամանատարի, այլ ավագ ընկերոջ պես, չնայած միաժամանակ խիստ պահանջկոտ էր ու պատասխանատու: Միշտ իր բարի  խորհուրդներով մեզ օգտակար է եղել, որի կարիքն առաջիկայում հաստատ կզգանք»:

Ստյոպա Բաբայանը նշեց, որ այժմ Արթուր Վանոյանի որդու՝ Ժորա Վանոյանի ծառայակիցն է։ Հարցին՝իսկ ծառայության մեջ ի՞նչ նմանություն ունեն հայրն ու որդին, Ստյոպա Բաբայանը չկարողացավ ավարտել խոսքը, միայն նշեց, որ գնդապետ Վանոյանը բացառիկ անձ էր:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր»  ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց։ Նրանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար: Նշենք նաև, որ խմբի և իրավապահների միջև փոխհրաձգության հետևանքով նաև երեք ոստիկան է վիրավորվել։