Ամոթ է, աշխարհը մեզ չի ների, մենք մեզ չենք ների. Ռոբերտ Ամիրխանյանը զինված գործողությունների մասին
«Եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ապա բոլոր հանգուցալուծումները կգտնենք խնդիրը լուծելու համար, իսկ եթե մենք այդպիսին չենք, այո՛, զենքը կլինի որոշիչը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ խոսելով զինված խմբի կողմից ոստիկանական շենքը գրավելու և այդպես իշխանափոխություն իրականացնելու ցանկության մասին:
«Ես դա չեմ ընդունում: Գտնում եմ, որ բանականությունը չի սպառել իրեն, և մենք պետք է կարողանանք խոսել, գտնել ուժը մեր մեջ՝ բանականության լեզվով խոսելու,- ասաց նա՝ ավելացնելով,- ամոթ է, աշխարհը մեզ չի ների, մենք մեզ չենք ների: Դա մեծ պատասխանատվություն է մեր պատմության, մեր ժողովրդի հանդեպ: Մեզ հարկավոր է ունենալ քաղաքակիրթ զրույց մարդկանց հետ»:
Նա նշեց, որ զենքը կամ քարը երբեք ոչինչ հայի կյանքում չեն որոշել: «Ես գտնում եմ, որ պետք է գտնել ուժեր բանական լեզվով խոսելու»:
Ռոբերտ Ամիրխանյանը նկատեց, որ կատարվածն այսօր ասոցացվում է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ: «Դրա համար գտնում եմ, որ պետք է ուրիշ ֆիլտրով նայել այս ամեն ինչին և փորձել գիտակցության ճանապարհով գնալ»,- եզրափակեց իր խոսքը կոմպոզիտորը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից երկուսն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:










